Հայկական եկեղեցիների, խաչքարերի, հուշարձանների և պատմական կոթողների հետևողական ոչնչացումը մեկ ամբողջական ռազմավարության մաս է, որի նպատակն է վերացնել հայկական հետքը Արցախում և տարածաշրջանում։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի դեմ ուղղված սպառնալիքը հենց այդ նույն քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։
Միջազգային հանրության լռությունը այս իրավիճակում ոչ պակաս մտահոգիչ է։ Երբ աշխարհի աչքի առաջ վտանգվում է մի ժողովրդի ինքնության խորհրդանիշը, լռությունը վերածվում է հանցավոր անտարբերության։ Եթե այս հուշարձանը ոչնչացվի, դա կլինի ոչ միայն հայկական մշակութային ժառանգության դեմ հերթական ոտնձգությունը, այլ նաև միջազգային իրավունքի, մշակութային արժեքների պահպանության մասին բոլոր հռչակագրերի և կոնվենցիաների բացահայտ արհամարհում։
Այսպիսով, առկա բոլոր փաստերը վկայում են, որ Բաքվի բռնապետական վարչակարգը նպատակ ունի շարունակել Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացման իր քաղաքականությունը, և «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է այդ հակահայկական ռազմավարության հերթական թիրախը։










