ՎՏԲ-ի նախկին թոփ-մենեջեր Ալեքսանդր Տեր-Ավանեսովը, ով ձերբակալվել է հեռակա կարգով, հայտարարվել է միջազգային հետախուզման մեջ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունից պետական պայմանագրերով շինարարության ժամանակ իրականացված հափշտակության քրեական գործի շրջանակներում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները:
«Միջազգային հետախուզում է հայտարարվել Վադիմ Վիգուլյարնիի և այլ մեղադրյալների քրեական գործից առանձնացված նյութերի շրջանակներում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Տեր-Ավանեսովին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության համար (առանձնապես խոշոր չափերի խարդախություն): Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Մոսկվայի Մեշչանսկի դատարանը սանկցավորել է ՎՏԲ բանկի նախկին ավագ փոխնախագահ, Կոստրոմայի մարզի նախկին սենատոր Ալեքսանդր Տեր-Ավանեսովի հեռակա կալանավորումը, ով ավելի վաղ հայտարարվել էր դաշնային հետախուզման մեջ:
«Տեխինվեստ» ընկերության նախկին համասեփականատեր Տեր-Ավանեսովն անցյալ տարի ճանաչվել էր սնանկ. արբիտրաժային դատարանում նրա դեմ ներկայացված են հայցային պահանջներ՝ գրեթե 2 միլիարդ ռուբլի գումարի չափով:










