Հայաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տարանցիկ փոխադրումներին՝ հավատալով, որ փոխկախվածությունը թշնամանքի լավագույն հակաթույնն է, Ստամբուլում այս մասին հայտարարել է ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը։
«Ես Հայաստանից եմ, մի երկրից, որը շարժվում է դեպի կայունության նոր դարաշրջան: 2025 թվականի օգոստոսի 8-ին մենք շրջեցինք պատմական էջ. Ադրբեջանի հետ ստորագրված համատեղ հռչակագիրը ավելին էր, քան պարզապես կարեւոր իրադարձություն: Այն փոխադարձ ինքնիշխանության հանձնառություն էր՝ ամրագրված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում: Այսօր, տասնամյակների ընթացքում առաջին անգամ, արդեն գրեթե երկու տարի է մեր սահմաններին զոհեր չեն եղել: Զենքերի լռությունը մեր հույսի ամենահզոր ուղերձն է:
Հույսը դառնում է տեւական, երբ այն իրական օգուտներ է բերում: «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի միջոցով մենք Հարավային Կովկասը վերածում ենք հաղորդակցության հանգույցի: Անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանից բեռնատար գնացքը հասավ Հայաստան Վրաստանի տարածքով՝ 1991 թվականից ի վեր առաջին անգամ: Մենք նաեւ պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տարանցիկ փոխադրումներին՝ հավատալով, որ փոխկախվածությունը թշնամանքի լավագույն հակաթույնն է:
Իմ կառավարությունն ընդունել է «Իրական Հայաստանի» տեսլականը՝ մի պետություն, որը խարսխված է իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դիվանագիտությունն ընտրելով՝ մենք նաեւ ապահովել ենք մեր քաղաքացիների վերադարձը գերությունից:
Մոտենալով 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին՝ մեր նպատակն է խաղաղությունն ու ժողովրդավարությունը դարձնել անշրջելի: Մենք հասկացել ենք, որ մեր ճակատագրերը փոխկապակցված են: Եթե մենք չապահովենք մեր խաղաղությունը, ոչ ոք դա չի անի: Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ»,- ասել է ՔՊ-ականը։










