Նուբարաշենի աղբավայրի տարածքում ապրիլի 18-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 անձ հոսպիտալացվել է: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով։
Պայթյունը տեղի է ունեցել աղբավայրում գտնվող սանհանգույցի կոյուղագծում բիոգազի կուտակման հետևանքով այն բանից հետո, երբ տնօրենը վառել է սանհանգույցի էլեկտրալամպը։ Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- այս մասին Aysor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։










