«Եզրահանգումն այն էր, որ այդ ծիծաղելի երևույթները ջրի երես դուրս եկան, բոլորն իմացան, որ քննչական մարմնից, փաստորեն, հնարավոր է կորի իրեղեն ապացույց։ Ես չգիտեմ՝ այս գործով ամեն ինչն է այդ նույն զավեշտի մեջ՝ սկսած ցուցմունքներից, որ տվել են, իբր եղած ապացույցներից»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով՝ ըստ նյութերում առկա տվյալների, մասնավորապես, եզրակացության համաձայն՝ 1․4 գրամ քաշով իբր թմրամիջոց է եղել, սակայն իրականում եղել է, թե ՝ոչ որևէ փաստ չկա։
«Օրինակ, փորձաքննության եզրակացության մեջ չկա այդ մասին լուսանկար , արդյո՞ք այն թմրամիջոցն է, որը հայտնաբերվել է հենց այն վայրում, որի մասին գրում են, որևէ տվյալ գործի մեջ չի երևում»,- մանրամասնեց Բաբայանը՝ պնդելով, որ դրանք զուտ ենթադրություններ են։
Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ պնդեց, որ այս գործով պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, որի համար կան մի քանի հիմքեր։
«Այդ հիմքերը չենք բացահայտի, հաջորդ փուլերում նաև կներկայացնենք։ Բայց այն, որ իրեն ապացույցը չկա, արդեն իսկ ակնհայտորեն այս քրեական գործի վախճանը տրամաբանական առումով ցույց է տալիս արդարացումը։ Այս առումով մենք մանրամասն փաստարկներ կներկայացնենք։ Այս պահին դեռ մեծ հարց է՝ ընդհանրապես թմրամիջոց որպես այդպիսին եղե՞լ է, թե ոչ»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ թմրանյութի անհետանալը հիմք է կարծելու, որ այն չի էլ եղել։
Արսեն Բաբայանն էլ հավելեց, որ մեծ հաշվով էական չէ՝ թմրամիջոց եղել է, թե՝ ոչ։
«Մեր պնդումն է, որ Արշակ սրբազանին վերագրվող գործողությունները իր կողմից չի կատարվել։ Հիմա այնտեղ թմրամիջոց եղել է, թե չի՞ եղել։ Դա զուտ իրավաբանական, մասնագիտական մեր քննարկման հարցն է։
Բայց վերջնական առումով մեզ հետաքրքիր չէ՝ թմրամիջոց եղել է, թե ոչ, որովհետև Արշակ սրբազանին վերագրվող գործողություններն ինքը չի արել»,- ավելացրեց Բաբայանը։










