Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես եկավ կտրուկ հայտարարություններով՝ ուղղված անվտանգության ոլորտի քննադատներին և սպառազինության ձեռքբերման ծավալները կասկածի տակ դնողներին։
Նախարարը նշեց, որ ոլորտի թիրախավորումը պայմանավորված է դրա փակ լինելու հանգամանքով, սակայն իբրև թե թվերը փաստում են պաշտպանական ծախսերի աննախադեպ աճի մասին։
«Տպավորություն է, որ մարդիկ հրահանգված են թիրախավորել անվտանգությունը։ Պատճառը մեր համեստությունն ու ոլորտի գաղտնի լինելու հանգամանքն է։ 1998-2018 թվականներին՝ երկու տասնամյակների ընթացքում 5.4 անգամ պակաս ծախս է արվել, քան 2022-2025 թվականներին»,- հայտարարեց Պապիկյանը։
Անդրադառնալով սպառազինության որակի կամ քանակի վերաբերյալ հարցադրումներին՝ պաշտպանության նախարարը չխորշեց օգտագործել կոշտ ձևակերպումներ, որոնք հիշեցնում են վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ձևավորած խոսույթը։
«Հարգելի՛ գործընկերներ, թվերին նայե՛ք և հարց տվեք ձեզ՝ ինչո՞վ էիք զբաղված ու ինչո՞վ եք զբաղվում։ Ձեններդ կտրե՛ք, տեղներդ նստե՛ք»,- կոչ արեց Պապիկյանը՝ դիմելով դահլիճում ներկա ընդդիմախոսներին։










