Համոզված եմ՝ իրենք էլ իրենց համար նման ապագա չէին կարող կանխագուշակել. Արշակ Սրբազանը՝ տիրադավների մասին


Համոզված եմ՝ իրենք էլ իրենց համար նման ապագա չէին կարող կանխագուշակել. Արշակ Սրբազանը՝ տիրադավների մասին
Մարտ 25 17:31 2026

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մոտ ծիծաղ է հարուցում իրեն վերագրվող թմրամիջոցի կորել-չկորելու թեման։

«Պատկերացրեք՝ 2018 թվականին քրեական գործ է հարուցվել, դա քննվել է, հետո կարճվել է, հետո 2025 թվականին վերստին բացվում է, այն ժամանակ ինձ հարցաքննել էին, այն ժամանակ որպես վկա էի, հետո մեկ էլ հանկարծ պարզվեց, որ մեղադրյալը ես եմ»,- դատական այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան Հայրը։

Արշակ Սրբազանն այս ամենը կապում է եկեղեցու դեմ արշավի հետ։

Սրբազան Հայրն ասաց, որ եկեղեցին մեր ազգային ինքնության առանցք է ու իր խորին համոզմունքն այն է, որ եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ կազմալուծվել։

«Որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ այս գործողությունների խորքում՝ ակնհայտ է»,- նշեց Մայր Աթոռի դիվանապետը։

Սրբազանը ցավում է եկեղեցու դեմ արշավին միացած տիրադավների համար, նրանց հետ ճանապարհ է անցել ու իր մղձավանջային երազներում անգամ չէր պատկերացնի, որ կհայտնվեին այսպիսի վիճակում։

«Համոզված եմ, որ իրենք էլ իրենց համար նման ապագա չէին կարող կանխագուշակել»,- ընդգծեց Արշակ Սրբազանը։