Այսօր այստեղ և հունիսին՝ քվեախցիկներում ուժեղ արձագանք է անհրաժեշտ, միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում եկեղեցին կլինի ապահով, իսկ պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ


Այսօր այստեղ և հունիսին՝ քվեախցիկներում ուժեղ արձագանք է անհրաժեշտ, միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում եկեղեցին կլինի ապահով, իսկ պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ
Փետրվար 12 15:22 2026

Աստված օրհնի Հայաստանը. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին այսպես սկսեց իր ելույթը Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Բոլորս բախվում ենք դժվարությունների, և մեր արժեքը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք մեզ պահում այդ ծանր ժամանակների ընթացքում։ Տեսել եմ, թե ինչպես է Սամվել Կարապետյանն առանձնացվել իր ընտանիքից բանտային անարդար ու անհիմն պայմաններում՝ մի քաղաքական գործչի կողմից, ով գործում է թուլության և վախի կանոններով։ Այդ ընթացքում Սամվելը ժայռի ամրություն է ցուցաբերել՝ առաջնորդվելով ընտանիքի և ազգի հանդեպ իր սիրով։ Այս մեծ հայրենասեր մարդու անունից խոսելը մեծ պատիվ ու արտոնություն է», – ասաց նա։

Ռոբերտ Ամստերդամը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանն այն մարդն է, ով կառաջնորդի հայերին, որպեսզի հարգեն իրենց կրոնը, մշակույթն ու պատմությունը և չանեն զիջումներ օտարերկրյա ուժերին։

«Նա մարդ է, ով հասկանում է, որ խաղաղություն չի նշանակում հանձնվել, և որպես հայ անձնավորություն գիտակցում է, որ ապագայի որևէ ծրագիր կամ քաղաքական շահ մեկ օրով անգամ չի հիմնավորում Բաքվում քրիստոնյա հալածյալների ապօրինի ազատազրկումը», – ասաց նա և շեշտեց, որ կցանկանար իմանալ, թե այդ մարդկանց նկարներն ինչու ամենուր չեն փակցվում և ինչու չեն դրվել ԱՄՆ փոխնախագահի առաջ։ 

«Կուզեի իմանալ, թե ինչու այսօր Երևանում քրիստոնյա հալածյալներ կան, և ինչու Սամվել Կարապետյանն այստեղ չէ։ Նրա «հանցանքը» Աստծո և Քրիստոսի պաշտպան լինելն է», – ընդգծեց միջազգային փաստաբանը։

Ամստերդամը նաև նշեց, որ Բաքվում պահվող հայերի մասին պետք է խոսել անընդմեջ և նրանց համար «սարեր շուռ տալ»։

«Հավաստիացնում եմ՝ դառը հիասթափություն կապրեն բոլորը, ովքեր կարծում են, որ այս մարդկանց ճակատագիրը կարող են օգտագործել որպես լծակ՝ բախվելով հայ ժողովրդի իրական ուժին, իմ ընկեր Սամվել Կարապետյանի տոկուն դիրքորոշմանը», – ասաց նա։

Փաստաբանը հավելեց, որ տարբեր երկրներում 40 տարի աշխատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ «Տեսել եմ, թե ինչպես են դատավարությունները և օրենքը քաղաքական գործիքի վերածելով փորձում լռեցնել քաղաքական հակառակորդներին։ Այսօր այստեղ և հունիսին քվեախցիկներում ուժեղ արձագանք է անհրաժեշտ, քանի որ այս կառավարությունը ժխտում է պետության սահմանադրությունը և եկեղեցու առաքելական բնույթը։ ՀՀ ժողովուրդը պետք է պաշտպանի և հարգանքի տուրք մատուցի ՀԱԵ-ին», – ընդգծեց նա՝ շեշտելով, որ այս երկիրը իր մշակույթով, լեզվով և պատմությամբ պարտական է եկեղեցուն։

Ամստերդամը պատմեց, որ երբ ինքը բանտում էր՝ Սամվել Կարապետյանի մոտ, որոշ ամիսների ազատազրկումից հետո սպասում էր տեսնել կոտրված ու հոգնած մարդու․

«Ոչ մի դեպքում նման բան չտեսա։ Տեսա հավատքի մարդ, ում սերն առ Աստված և ընտանիքի հանդեպ գերազանցում էր սեփական անձի ֆիզիկական պաշտպանվածությունը։ Նա իր հավատն առ Աստված փորձության ենթարկեց՝ պատրաստ լինելով զոհել սեփական ազատությունը հանուն ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի։ Միայն նրա ձեռքում եկեղեցին կլինի ապահով, իսկ պատանդները կվերդարձվեն», – ասաց Ռոբերտ Ամստերդամը։