Մարդիկ Հայաստանից հեռացել են, քանի որ այստեղ ապրելու միջոց, արդարություն չեն գտել. Ղումաշյան


Մարդիկ Հայաստանից հեռացել են, քանի որ այստեղ ապրելու միջոց, արդարություն չեն գտել. Ղումաշյան
Փետրվար 12 14:28 2026

Վերջին 5 տարում Հայաստանից հեռացել 140 հազարից ավելի մարդ, այսինքն՝ ամեն օր Հայաստանը լքել է 77 մարդ, ամեն օր Հայաստանը լքել է մոտ 20 ընտանիք, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին հայտարարեց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։

Ըստ նրա՝ այդ մարդիկ հայաստանից հեռացել են, քանի որ հայրենիքում ապրելու միջոց չեն գտել. «Նաև արդարություն չեն գտել, գնահատանք չեն գտել։ Նրանք կարողացել են, նրանք փորձել են օտար ափերում փոքրիկ հայաստաններ կառուցել, պահպանել մաշտոցյան այբուբենն այնտեղ, որտեղ տասնյակ լեզուներ են հնչում, բայց անգամ այլ երկրների պատվավոր քաղաքացիներ դառնալով՝ երբեք չեն մոռացել Արարատի վեհությունը։ Օտար երկրում կայացած հայը մշտապես հայերենիքի կողքին է եղել  և հայրենիքին օգնելը պատիվ է համարել։ Իսկ նրանք, ովքեր փոքրիկ կասկած կունենան սփյուռքի ազգասեր, ազգանպաստ գործերի նկատմամբ, թող ամեն տարվա Ապրիլի 24-ին տեսնեն, թե մոմերի լույսերով որտեղ և ուր է քայլում աշխարհի խիղճը։

Սիրելի՛ սփյուռքահայեր, դուք այնքան շատ բան եք տվել Հայաստանին, շարունակաբար օգնում եք հայրենակիցներին՝ սեփական քրտինքով աշխատած միջոցներով։ Ձեր տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ դարձել եք  հայաստանցիների դեսպանները, պաշտպանում եք հայկական շահերն ամբողջ աշխարհում։ Իսկ ի՞նչ եք ստանում ի պատասխան. մեղադրանքներ, մուտքի արգելքներ։ Մեզ համար սա անընդունելի է։ Հայաստանը միշտ կանչել ու կանչում է ձեզ, վերադարձեք։ Այսօր ավելի քան երբևէ դուք պետք եք մեր երկրին»։