Ադրբեջանի հետ կոնֆլիկտն ավարտված է, բայց կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրները լուծված չեն. Փաշինյան


Ադրբեջանի հետ կոնֆլիկտն ավարտված է, բայց կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրները լուծված չեն. Փաշինյան
Փետրվար 11 23:01 2026

«Զայեդ» միջազգային մրցանակը ուղիղ և անուղղակի միջազգային հանրության աջակցության դրսևորում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և ներդրում է այդ խաղաղության գործում. ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ մրցանակը շնորհվում է խաղաղության ջանքերի համար, և առիթը ՀՀ–Ադրբեջան խաղաղության հաստատումն է, որը նա և Ադրբեջանի նախագահ Ալիևը կիսել են։

«Ե՛վ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են այդ մրցանակը միջազգային հեղինակավոր լսարանի առաջ,  ինչը նշանակում է, որ երկու կողմերը ևս մեկ անգամ բարձրագույն մակարդակով արձանագրում են, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն»,– ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այս ամենը չի նշանակում, որ կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են։

«Բայց կոնֆլիկտը ավարտված է, ինչը խնդիրների լուծման շատ կարևոր նախադրյալ է ստեղծում։ Պետք է կարողանալ այդ նախադրյալները ճիշտ օգտագործել, որովհետև երբեմն ակնհայտ թվացող գործողություններն արձագանքելու ամենաճիշտ տարբերակը չեն։ Նման իրավիճակներ ունեցել ենք»,– ասաց նա։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը հունվարի 19-ին հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի։ Մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամն ընդգծել էր Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։

«Զայեդը» (լիարժեք անվանումը՝ Zayed Award for Human Fraternity) միջազգային մրցանակ է, որը հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ կաթոլիկ և իսլամական աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր առաջնորդի՝ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։