Այո՛, շուկան փոխվել է և ԲԿ-ները պետք է վերադասավորվեն. Ավանեսյանը՝ բուժանձնակազմի աշխատավարձերից դժգոհությունների մասին


Այո՛, շուկան փոխվել է և ԲԿ-ները պետք է վերադասավորվեն. Ավանեսյանը՝ բուժանձնակազմի աշխատավարձերից դժգոհությունների մասին
Փետրվար 11 20:28 2026

Չկա նման բան, որ վիրահատություններ իրականացնող բժիշկը չնչին աշխատավարձ ստանա, հատկապես վիրաբուժական հատվածում։ Թերապևտիկ հատվածում և առաջնային օղակում՝ այո, կան խնդիրներ, և մենք արդեն դրել ենք, որ աշխատավարձերը պետք է ամեն տարի ավելանան. առողջապահական ապահովագրության շրջանակներում դիմելիության աճին զուգահեռ բուժանձնակազմի ցածր աշխատավարձերի վերաբերյալ դժգոհություններին անդրադառնալով՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների աշխատավարձերը վերջին տարիներին ավելացել են բոնուսային համակարգի միջոցով, սակայն դա դեռ բավարար չէ։

«Հենց ապահովագրության շրջանակներում ընտանեկան բժիշկներն ու թերապևտները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն ֆիքսված գումարը, որը պետությունը վճարում է՝ անկախ նրանից, թե քանի հիվանդ են բուժում, այլ նաև հավելյալ վարձատրություն։ Եթե թերապևտը դեպքը վարում է առաջնային օղակում և արդյունք է գրանցում, այդ դեպքի համար նույնպես վարձատրվելու է»,– ասաց նա։

Ավանեսյանի կարծիքով՝ դժգոհությունները կարող են պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ապահովագրության մեկնարկի առաջին երկու ամիսներին բժշկական կենտրոններում տեղի են ունենում ներքին վերաբաշխումներ և ծառայությունների համամասնությունների փոփոխություններ։

«Պետք է հասկանալ, թե ինչպես ենք վերադասավորվում։ Այո, շուկան փոխվել է, և յուրաքանչյուր բժշկական կենտրոն պետք է իրականացնի որոշակի ներքին վերահաշվարկների աշխատանք»,– նշեց նախարարը։