ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը չի ցանկանում, որ իր և Նիկոլ Փաշինյանի միջև հեռակա բանավեճի տպավորություն ստեղծվի։
«Չեմ ուզում հեռակա բանավեճի տպավորություն ստեղծվի, երբ ես փորձեմ մեկնաբանել վարչապետի մտքերը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ՔՊ-ն ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողություները չի հանդուրժելու։
Նա այս հայտարարությունն արել էր, երբ խոսել էր Հայկ Սարգսյանի մասին՝ ասելով, որ նրան ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր։
«Ես որևէ գործով չեմ անցնում, չեմ անցել։ ՔՊ-ն իմ ներկայությամբ որևէ քննարկման ժամանակ ինձ չի մեղադրել կոռուպցիոն սխեմայի, գործարքի կամ նման երևույթի մեջ։ Մամուլից եմ տեղեկացել, որ վարչության որոշ անդամներ իբր իմ բացակայությամբ ինձ մեղադրել են ինչ-որ կոռուպցիոն գործերի մեջ։ Եթե այդպիսի բան եղել է, ուրեմն դա ՔՊ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է»,-ասաց պատգամավորը։
Նա նշեց, թե իր թիկունքում դավեր չեն նյութվում։
«Չկա որևէ դավ, եթե կա էլ՝ ես դրա մասին տեղյակ չեմ»,-ասաց Սարգսյանը։
Հայկ Սարգսյանը վստահ է, իր նկատմամբ մեղադրանք չկա, եթե կա էլ՝ գործընկերներին խնդրեց հրապարակել դրանք.
«Բոլորին պարզ կդառնա, որ այդ նիստերի բովանդակության հրապարակումն ուղիղ բխում է իմ շահերից»։










