Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ»


Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ»
Հուլիս 11 08:37 2026

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին ինտենսիվ քննարկվում է, թե ով այլևս նախարար չի լինի, ով կդառնա նախարարական «բաղձալի» աթոռի տեր, ով կվերցնի պատգամավորական մանդատը, ով «խաղից դուրս» կմնա և այլն: Նախորդ համարում ներկայացրել էինք նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի մանրամասները: Իսկ ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու կառավարությունը:

 

Նախ՝ նշենք, որ, ըստ ՀՀ Սահմանադրության, Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Սա նշանակում է, որ օգոստոսի 3-ին կնշանակվի վարչապետ:

 

Ճիշտ է, Սահմանադրությամբ նախատեսված է, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում, սակայն կարծում ենք՝ այդ գործընթացը կտևի առավելագույնը 2-3 օր: «Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան»,-գրված է Սահմանադրության մեջ: Հաշվի առնելով նախկին փորձը, որ գործող նախագահը վարչապետի կողմից առաջարկ ստանալուն պես րոպեների ընթացքում ստորագրում է համապատասխան հրամանագրերը, ապա պետք է ենթադրել, որ կառավարությունը ձևավորված կլինի առավելագույնը մինչև օգոստոսի 8-ը:

 

Ըստ Սահմանադրության, կառավարության կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Դժվար է ասել՝ ինչ ժամկետներում կներկայացվի կառավարության ծրագիրը, արդյո՞ք կսպասեն մինչև քսանօրյա ժամկետը: Եթե այդպես լինի, ապա կստացվի, որ կառավարության ծրագրի քննարկումները տեղի կունենան օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում