Արցախում տեղի ունեցածը արդար չէր, ճիշտ չէր․ Էրիխ Վոնտոբել


Արցախում տեղի ունեցածը արդար չէր, ճիշտ չէր․ Էրիխ Վոնտոբել
Փետրվար 3 19:12 2026

 «2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը արդար չէր, ճիշտ չէր»-Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելը։

«Մարդիկ զրկվեցին իրենց հիմնարար իրավունքից՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքից։ Սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում էր, սխալ էր։ Եվ հիմա, 2,5-3 տարի անց, եթե անգամ մեկ մարդ հայտարարի, թե «հարցը փակված է», դա ոչինչ չի փոխում իրականության մեջ։ Այդպիսի հայտարարությունները չեն կարող փոխել փաստերը, չեն կարող հերքել տեղի ունեցածը, արդարացնել այն, ինչը եղել է սխալ և նույնիսկ՝ քրեական։ Պարզապես հարցրեք տեղահանված մարդկանց՝ իրենց համար արդյոք այս հարցը փակվա՞ծ է։ Նրանց պատասխանը բնականաբար մեկն է՝  ոչ։ Նրանք ուզում են վերադառնալ, քանի որ նրանց եկեղեցիներն այնտեղ են, դպրոցներն այնտեղ են, գերեզմանատներն այնտեղ են։ Իսկ այս ժողովրդի համար գերեզմանատները հիշողություն են, շատ կարևոր են։ Ուստի պարզապես ասել, թե հարցը փակված է, անհնար է, այդպես չի կարող լինել։

Սա է պատճառը, որ մենք ունենք  Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարական խաղաղության հանձնաժողով։ Քանի դեռ վստահ ենք և հավատում ենք, որ այս հարցը փակված չէ, մենք կշարունակենք պայքարել դրա համար։ Մենք տեսնում ենք տեղահանված մարդկանց, լսում ենք նրանց ձայնը, և հենց նրանց խոսքն է այն շարժառիթը, որը մեզ առաջ է տանում»,-ասաց Էրիխ Վոնտոբելը։

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբներն էլ հավելեց՝ մարդու իրավունքները չեն կարող չեղարկվել երբեք։

«Եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները կարող են փակվել այսօր, ձեր՝ մարդու իրավունքները կարող են փակվել վաղը, և կարող են փակվել պետության կողմից»,-ասաց նա։