«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ 2026-ի ընտրացուցակից դուրս մնալը լուրջ տարակուսանք է առաջացրել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև հենց իշխանական թիմի ներսում։ Սարգսյանը տարիներ շարունակ համարվել է Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը՝ հեղափոխության օրերին հայտնի «ջրի շիշ բռնողից» մինչև խորհրդարանի ամբիոն։
Սակայն ինչպե՞ս ստացվեց, որ Փաշինյանի վստահելիներից մեկը հայտնվեց «սև ցուցակում»։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայկ Սարգսյանի դեմ գործել է ազդեցիկ կլանային համակարգ։
Ղալումյանների գործոնը․ Տավուշի ծառահատումների բացահայտումից հետո
Ըստ ՔՊ-ական աղբյուրների՝ գործընթացների մեկնարկային կետը եղել է ՔՊ նախաձեռնող նիստերից մեկը, որտեղ Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է Տավուշի մարզում տեղի ունեցող զանգվածային և անթույլատրելի ծառահատումների մասին։ Սարգսյանի ներկայացրած տվյալները վերաբերել են Փաշինյանի ընտանիքի քավոր Ղալումյաններին։
Իշխանական աղբյուրների պնդմամբ՝ այդ բացահայտումից հետո իրավիճակը լարվել է այնքան, որ Փաշինյանի ներկայությամբ անգամ տեղի է ունեցել քաշքշուկ․ Հայկ Սարգսյանը քաշաշել է Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանին։
Ալեն Սիմոնյանի նյութած դավերը
ՔՊ-ականները ոչ հրապարակավ խոստովանում են, որ Ղալումյաններին զուգահեռ՝ Հայկ Սարգսյանի դեմ ակտիվ դավեր է նյութել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ իր շուրջ համախմբելով վարչապետի աներորդի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։
Պատճառը, ըստ նույն աղբյուրների, եղել է այն, որ Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրել է խաղատնային բիզնեսին օժանդակելու մեջ՝ թեմա, որը իշխանության ներսում վաղուց համարվում է զգայուն։ Ինչո՞ւ է զգայուն, քանի որ Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը նույն խաղատնային բիզնես ունեցողների հետ ընկերներ են։ Եվ Ալեն Սիմոնյանը պաշտպանական քայլի շրջանակում վարչապետին ներկայացրել է իրավիճակը այնպես, թե Սարգսյանը դուրս է եկել իր և Հրաչյա Հակոբյանի դեմ՝ ձևավորելով ներքին հակաճակատ։
Արդյունքում, ըստ ՔՊ-ում շրջանառվող թեզի, Նիկոլ Փաշինյանին մատուցվել է մի պատկեր, ըստ որի՝ Հայկ Սարգսյանը «մտել է վարչապետի ընտանիք», սկսել է փորփրել անցանկալի թեմաներ քավորի և աներորդու առնչությամբ։
Այս ամենի հանրագումարում Հայկ Սարգսյանը հայտնվեց ՔՊ-ի «սև ցուցակում»՝ զրկվելով 2026-ի ընտրացուցակում ընդգրկվելու հնարավորությունից։
Այսպիսով, կատարվածը ոչ թե գաղափարական, այլ՝ կլանային բախումների արդյունք է, որտեղ պարտվողը դարձել է այն «շիշ բռնելով» հայտնի դարձած պատգամավորը, որը համարձակվել է անցնել չգրված կարմիր գծերը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում










