Փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Մեր փաստաբան գործընկերներից մեկի անչափահաս որդին իր բնակության վայրից դուրս է եկել՝ արտադպրոցական պարապմունքների գնալու նպատակով, շենքի շքամուտի մոտ նրան մոտեցել է մի տրանսպորտային միջոց, որի վարորդը՝ սև վերարկուով, դուրս է եկել և փորձելէ երեխային համոզելով նստեցնել ավտոմեքենա։ Նա ասել է՝ իբր երեխայի մայրն այդ ամենի մասին տեղյակ է, կգնան, քաղցրավենիք, խաղալիքներ կգնեն։ Երեխային երևույթը շատ զարմանալի է թվացել, և հասկանալով ամեն ինչ, դիմել է փախուստի, իսկ տրանսպորտային միջոցի վարորդը՝ իր հետևից։ Ինչևէ, երեխային հաջողվել է դիմել փախուստի և այդ ընթացքում ահազանգել է հորը, պատմել կատարվածի մասին։ Հայրը միանգամից ներկայացել է ոստիկանության բաժին, պատմել տեղի ունեցածի մասին ։ Երեխան գտնվում է շատ հոգեկան լարված վիճակում»,- պատմեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ երեխայի հետ կատարվածը տեղի է ունեցել Երրորդ մասում։ Երեխան մինչև 12 տարեկան է, փաստաբանի երեխա։
Երիցյանը կատարվածի մասին տեղեկացնում է ոչ միայն զգուշավոր լինելու համար, այլև ոստիկանության աշխատակիցների աշխատանքը քննադատելու, քանի որ մինչև այս պահը ոստիկանությունը որևէ գործողություն չի ձեռնարկել։
«Արդեն այսօր երկրորդ օրն է, ոստիկանությունից մեր փաստաբան գործընկերոջը պարզաբանել են, որ տեղամասային տեսուչը փորձում է այդ հարցով զբաղվել։ Նախ, առաջին օրը ոչինչ չեն արել՝ ոչ աշխատանքային ժամով պայմանավորված, իսկ 2-րդ օրն էլ ընդամենը պարզաբանում է, թե տեղամասային տեսուչն այդ հարցով կզբաղվի։ Սա այն դեպքում, երբ օրինակ՝ խնձոր նետող պապիկի մինչև յոթ պորտ բոլոր բարեկամներին բերման ենթարկեցին կարմիր բերետավորները՝ միայն այն բանի համար, որ Փաշինյանի ուղղությամբ խնձոր էր նետել»։
Մանրամասները՝ տեսանյութում։










