«Հուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի անկախ նրանից, թե կան այդ պահին կասկածեր, թե ոչ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք կասկածներ ունեն, որ Մայր Աթոռը եկեղեցիներն այլ անձանց է հանձնելու, ու այդ պատճառով եկեղեցապատկան հուշարձաններին վերաբերող նախագիծ են ներկայացրել ԱԺ։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Սիսակ Գաբրիելյանը մշակել ու ներկայացրել են ԱԺ քննարկմանը «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ։
Թ. Ղազարյանը նշեց, որ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը իր հարցազրույցում ասում էր, որ իրենք Գեղարդից մի մասունք, փշրանք նվիրել են Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդին. «Այսինքն մշակութային արժեքներ նվիրելու, ընծայաբերելու պրակտիկա կա, դրանից սեփականության օտարման հարց է առաջանում: Դրան գումարենք նաև այն խոսույթը, որ գեներացվում է վերջին 8 ամիսներին Կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող մարդու քաղաքական համախոհների շրջանակում՝ տեղափոխել Մայր Աթոռի նստավայրը ու Ռուսաստանից կառավարել:
Որևէ կերպ չի բացառվում, որ, օրինակ, մեկ այլ հոգևոր թեմի ներկայացուցչի ծննդյան կապակցությամբ կարող են օտարվել եկեղեցու գույքեր: Ես չեմ ասում, որ կվաճառի օրինակ, «Տաշիր Գրուպին», դա աբսուրդ է, ես ասում եմ, որ կարող է տեղափոխվել Նոր Նախիջևանի թեմ և գրանցել գույքը Նոր Նախիջևանի թեմի վրա: Սա հիմնավորվում է նրանով, որ այս նախագծի քննարկումից հետո բազմաթիվ քահանաներ միջնորդավորված և ուղիղ՝ հրապարակային և ոչ հրապարակային, կապվել են ինձ հետ և առաջարկել են մյուս գույքերն էլ ներառել այդտեղ՝ ասելով, որ իրենք նույնպես լսել են այս խոսակցությունները»:










