Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»


Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»
Հունվար 22 09:14 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ԿԳՄՍ նախարարությանը վերապահելու մասին:

 

2015 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան, թիվ 1050-Ա որոշման համաձայն, տեղափոխվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գրեթե մեկ տասնամյակ կինոարդյունաբերական այդ բազմաֆունկցիոնալ կառույցը չի գործում՝ պահպանելով կայուն անկման իրավիճակ: Ներկայում կինոոլորտի զարգացման և բարեփոխման ծրագրերի իրականացման, ինչպես նաև վերջին տարիներին կինոոլորտում միջազգային համագործակցության ակնհայտ աճողականությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերջինիս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ԿԳՄՍ նախարարությանը:

Նշվում է, որ ժամանակակից աշխարհում ֆիլմարտադրությունն այլևս միայն մշակութային արտադրանք չէ։ Այն մի շարք երկրներում (օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Կանադա, Հարավային Կորեա, Նոր Զելանդիա) դիտարկվում է որպես ռազմավարական ոլորտ՝ տնտեսության զարգացման, արտահանման ընդլայնման, նոր տեխնոլոգիաների ներգրավման և միջազգային համագործակցության խթանման առումով։ Այս երկրները զարգացրել են ֆիլմարտադրության արժեշղթայի հստակ փուլեր՝ բարձրացնելով արտահանվող ծառայությունների տեսակարար կշիռը, ամրապնդելով տեղական կրթական համակարգը և ստեղծելով հազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Նման մոտեցումները ցույց են տալիս, որ ֆիլմարտադրությունը ոչ միայն մշակույթի տարածման միջոց է, այլ նաև տնտեսական աճի և ազգային բրենդի ձևավորման գործիք։ Այն ունի բազմաստիճան ազդեցություն՝ ուղղակիորեն և անուղղակիորեն ազդելով մի շարք ոլորտների վրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, տուրիզմ, կրթություն, շինարարություն և տարածքային զարգացում, լոգիստիկա, սպասարկման համակարգ, մարքեթինգ և կոնտենտային բիզնես։

Հայաստանի Հանրապետության պարագայում ևս անհրաժեշտ է որդեգրել ոլորտային նման քաղաքականություն, որը կօգնի ձևավորել համալիր կինոարդյունաբերական համակարգ, ինչպես նաև կխթանի տեղական ստեղծարար ներուժի զարգացումը, արտադրական ենթակառուցվածքների արդիականացումը և միջազգային շուկաների ակտիվ ներգրավումը՝ դառնալով երկրի տնտեսական բազմակողմանի դիվերսիֆիկացման կարևորագույն բաղադրիչ։

Վերոնշյալի իրագործման նպատակով նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը, որը գործելու է որպես ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական քաղաքի ձևավորմանը: Համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։

Իրավական ակտի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

 

Այսպիսով, ըստ նախագծի, «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարման լիազորությունը նախարարությանը վերապահելու արդյունքում հնարավոր կլինի իրականացնել «Հայֆիլմ կինոարտադրական քաղաքի» մասշտաբային ծրագիրը՝ ապահովելով Հայաստանի պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ստեղծելով արդի պահանջներին համապատասխան կինոարդյունաբերական ենթակառուցվածք: