Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ Զայեդ մրցանակին. ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երբ իրեն զանգահարել և տեղեկացրել են այդ մասին, նա շնորհակալությամբ ընդունել է առաջարկը և պատրաստվում է մեկնել ու մասնակցել մրցանակաբաշխությանը։
Փաշինյանը նշեց, որ այս տարի երեք մրցանակակիր կա․ «Մեկը ես եմ, մյուսը՝ Ադրբեջանի նախագահը, իսկ երրորդը՝ Աֆղանստանում կանանց կրթության հարցերով զբաղվող մի ակտիվիստ»։
Վարչապետը մրցանակի համար շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ քաղաքացիներին․
«Իհարկե, ամենակարևորը մեր ժողովրդին եմ շնորհակալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որովհետև առանց նրանց աջակցության, վստահության և հաստատման այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել»։
Զայեդ մրցանակը (լիարժեք անվանումը՝ Zayed Award for Human Fraternity) միջազգային մրցանակ է, որը հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ կաթոլիկ և իսլամական աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր առաջնորդի՝ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։










