Մայր Աթոռը դատապարտում է Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ սպառնալիքներն ու հետապնդումները


Մայր Աթոռը դատապարտում է Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ սպառնալիքներն ու հետապնդումները
Հունվար 21 15:07 2026

Երեկվանից հետապնդումներ են սկսվել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպս Սարոյանը տարբեր միջոցներով փորձում է սպառնալ այն քահանաներին, ովքեր չեն միացել հակաեկեղեցական արշավին ու իրենց առաջնորդ են ընդունում Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, ում Վեհափառ Հայրապետը նշանակել է թեմի առաջնորդական տեղապահ։

 

Ճնշումներին ենթարկվել է միայն Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դատապարտում են այս երևույթը։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ փաստեր ունեն քահանաներին ճնշելու վերաբերյալ։

 

«Ահազանգել ենք այդ մասին, երևույթը դատապատելի է, արդեն փաստեր ունենք, որ քահանաների նկատմամբ ճնշումներ են կիրառվում տարբեր անձանց, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցների կողմից»,- նշեց Տեր Եսային։

 

Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հակոբյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ իրեն մոտեցել են, փորձել են ճնշումների միջոցով ստիպել, որ միանա նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանին։

 

Տեր Հայրը, սակայն, ասել է. «Մենք եկեղեցական կարգն ենք պահում, անձեր չենք պահում։ Ասել ենք՝ մեր նշանակումը եկեղեցական կարգով է եղել ու փոփոխություն կարող է լինել միայն եկեղեցական կարգով»։

 

Հայտարարությամբ հանդես էր եկել նաև Մասյացոտնի թեմը՝ նշելով, որ սպառնալիքների կամ ճնշման միջոցով ուղղորդել են քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։