Եվս 12 հայի վերադարձից հետո միայն կարող ենք խոսել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին. Սիրանուշ Սահակյան


Եվս 12 հայի վերադարձից հետո միայն կարող ենք խոսել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին. Սիրանուշ Սահակյան
Հունվար 17 16:03 2026

Ավելի քան 210 հայրենադարձման և հայրենադարձման փուլերի վերլուծությունը թույլ է տալիս հստակ օրինաչափություններ արձանագրել և հասկանալ Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ առաջին և հիմնական տրամաբանությունն այն է, որ Ադրբեջանը նախ հայրենադարձնում է քաղաքացիական անձանց, որտեղ նշանակություն ունի նաև տարիքային գործոնը։

«Տարեց քաղաքացիական անձը, որպես կանոն, ավելի շուտ է հայրենադարձվում, քան երիտասարդը։ Ընդհանուր առմամբ քաղաքացիական անձն ավելի վաղ է վերադարձվում, քան զինվորականը, քանի որ նա պարզապես մարտական գործողությունների գոտում հայտնված անձ է՝ առանց զենք կիրառելու կամ դիմադրություն ցույց տալու»,- նշեց Սահակյանը։

Նա ընդգծեց, որ զինվորականների դեպքում մոտեցումը բոլորովին այլ է, քանի որ նրանք մասնակցել են մարտական գործողություններին և կարող են ընկալվել որպես վնաս պատճառած կողմ։

«Ադրբեջանական կողմը գնահատում է, թե տվյալ անձն իր կարգավիճակով ինչպիսի գործունեություն է իրականացրել։ Զինվորականը պայքարել է, հնարավոր է՝ վնաս է հասցրել, և դա անմիջապես ազդում է նրա նկատմամբ վերաբերմունքի վրա»,- ասաց նա։

Ներկայացուցչի խոսքով՝ պարտադիր զինծառայողների նկատմամբ մոտեցումն ավելի մեղմ է, քանի որ նրանք օրենքի պարտադրանքով են զենք կրել։

«Պարտադիր զինծառայողը չի ունեցել ընտրության ազատություն․ նա զինվորական է դարձել օրենքի պարտադրանքով։ Այդ իսկ պատճառով նրանց նկատմամբ վերաբերմունքը համեմատաբար մեղմ է»,– նշեց Սահակյանը։

Միևնույն ժամանակ կամավորների և սպայական կազմի նկատմամբ, ըստ նրա, դրսևորվում է առավել խիստ մոտեցում։

«Կամավորները կարող էին չլինել պատերազմում, բայց եղել են․ սա արդեն ընկալվում է որպես գիտակցված ընտրություն։ Իսկ սպայական կազմի դեպքում մենք գործ ունենք պրոֆեսիոնալ զինվորականների հետ, որոնք կարող են կազմել ապագա բանակի կենսունակության հիմքը, և հենց սա է պատճառը, որ նրանց նկատմամբ վերաբերմունքը առանձնահատուկ է»,– ասաց նա։

Առավել ակտիվ մարտական գործողությունների մասնակիցները երկար են պահվել գերության մեջ՝ ի տարբերություն նրանց, ովքեր կարճ ժամանակում են զորակոչվել և չեն հասցրել էական ազդեցություն ունենալ մարտական գործողությունների վրա։

Առանձին դեպքերում, ըստ ներկայացուցչի, պատժիչ մոտեցման հիմքում կարող են լինել նաև հոգեբանական և սիմվոլիկ գործոններ։

«Եթե անձը առաջին պատերազմի մասնակից է և ընկալվում է որպես հաղթող, ապա նրա նկատմամբ վերաբերմունքը կարող է լինել առավել խիստ։ Օրինակ՝ Լյուդվիկ Մկրտչյանը երկար ժամանակ գտնվում է ադրբեջանական բանտում հենց այդ ընկալման պատճառով»,- նշեց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ թիրախավորման պատճառ կարող է դառնալ նաև Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի հասցեին հնչեցված քննադատությունը։

«Ալիևին և նրա ընտանիքին ուղղված անձնավորված քննադատությունը մարդուն դարձնում է թիրախ, և այդպիսի քաղաքացիական անձինք կարող են պատժվել ավելի խիստ, քան մյուսները»,– ասաց բանախոսը։

Նա շեշտեց,  որ առողջական վիճակը ևս կարևոր գործոն է հայրենադարձման որոշումներ կայացնելիս։

Անդրադառնալով վերջին փուլում կատարված ընտրությանը՝ ներկայացուցիչը պարզաբանեղ, թե ինչու չեն հայրենադարձվել «16-ի գործով» դատավարության մասնակիցները։

«Չավարտված դատավարության պայմաններում որևէ անձի հայրենադարձումը ադրբեջանական հասարակության կողմից կարող էր ընկալվել որպես թուլություն կամ զիջում, և իշխանությունները նման ուղերձ փոխանցելու նպատակ չեն ունեցել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հնարավորի վերադարձին՝ նա նշեց, որ այս փուլում գործընթացը կանխատեսելի է։

«Քանի դեռ մյուս գերիները չեն վերադարձել, ադրբեջանական կողմը չի գնա ռազմաքաղաքական ղեկավարների հայրենադարձման։ Այդ հարցով թիրախային աշխատանք հնարավոր կլինի միայն հաջորդ փուլում»,– ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։