Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով


Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով
Հունվար 17 11:44 2026

Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը խորհուրդ է տալիս՝ եթե որպես հասարակություն և պետություն որոշել ենք առաջնորդվել և սահմանափակվել իրավունքով և ոչ թե, օրինակ, քաղաքական պաշտոն ունեցող առանձին անձանց անհատական բարոյականությամբ կամ անբարոյականությամբ, արկածախնդրությամբ կամ պարզապես հավեսով, և փորձել հասկանալ, թե ինչպես են կարգավորվում պետություն-եկեղեցի հարաբերությունները, ուրեմն բացում ենք Սահմանադրությունը և կարդում 18-րդ հոդվածը։

«Այստեղ գրված է․

«1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:

Որպեսզի հասկանանք, թե ինչ օրենքի մասին է խոսքը, փորձում ենք նախ գտնել այն։ Կարող ենք շատ երկար չփնտրել, որովհետև կա հատուկ օրենք՝ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին», որի 2-րդ հոդվածում գրված է

«1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»:

Կա նաև մեկ այլ օրենք, որ կրկին շատ կարևոր է՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը։ Այս օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է․

«Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը` ․․․ բ) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն․ ․․․»:

Եթե, օրինակ, սրանով չենք բավարարվում և ցանկանում ենք միջազգային իրավունք և պրակտիկա էլ ուսումնասիրել, ապա հիմնվելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի և 81-րդ հոդվածի վրա, փնտրում և գտնում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի նախադեպերը։

Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրության Հոդված 5-ը սահմանում է «3․ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը», իսկ Հոդված 81-ն էլ ավելացնում է․ «1․ Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

Կրոնական կազմակերպությունների հարցերով, պարզվում է, ՄԻԵԴ-ն ունի զարգացած նախադեպային իրավունք, օրինակ՝ Hasan and Chaush v. Bulgaria (2000), Metropolitan Church of Bessarabia v. Moldova (2001), Serif v. Greece (1999), Fernández Martínez v. Spain (2014) և այլն։

Եվ ի՞նչ։ Փաստորեն թե՛ միջազգային իրավունքը, թե՛ ներպետական իրավունքն արգելում են պետությանը միջամտել կրոնական կազմակերպության, տվյալ պարագայում՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին, այդ թվում և մասնավորապես՝ ինքնակառավարմանը։ Էլ ուր մնաց, որ պետությունն՝ իր պետական մարմիններով, կամ քաղաքական իշխանությունն՝ իր կուսակցականներով, որոշեն, թե Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդն իր հայեցողական իրավունքի (տնօրինության) շրջանակներում ում է թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում նշանակում կամ ազատում։

Բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով կամ սույն գրվածքի առաջին պարբերությունում նշված որևէ այլ հիմքով»,- նշել է Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Սարոյանը հայցով պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Արմավիրի մարզի դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն էլ մեկ օրում որոշում է ընդունել Գևորգ Սարոյանին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Հիշեցնենք՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։