«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս տեղեկություն տարածվեց, թե Արմավիրի մարզի չորս բնակիչ՝ ընտանիքի անդամներ, թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց: Ընդ որում, նշվում է, որ տանը «առկա է պրոպան տեսակի հեղուկ գազ, և տունը տաքացնելու համար օգտագործում են փայտե վառարան»: Միևնույն ժամանակ, նշվում է, որ նրանք նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում, գտնվելով տանը, «Աթենք» մսամթերքին պատկանող խինկալի ուտելուց հետո իրենց վատ են զգացել, ինչի հետևանքով զանգահարել են շտապօգնություն և թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։
Ուշագրավ է, որ մինչ բժիշկների վերջնական եզրակացությունը, վերնագրերում շեշտվում էր հենց այն, որ հիվանդանոց են տեղափոխվել... խինկալի ուտելուց հետո:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, դեպքի վայրում լրացուցիչ զննություն կատարելու, ինչպես նաև հիվանդանոցում հանձնված անալիզների տվյալների արդյունքում պարզվել է, որ տվյալ ընտանիքի անդամները սննդային թունավորում չեն ունեցել, այլ թունավորվել են... շմոլ գազից, ինչի մասին կան համապատասխան եզրակացությունները:
Թե ինչու է տարբեր վարկածներից առաջնային շեշտվել հենց «սննդային թունավորման» տարբերակը, ընդ որում՝ առանց բժշկական կենտրոնի վերջնական եզրակացության և փորձաքննությունների արդյունքների, այլ թեմա է: Փաստը մնում է փաստ, որ պատճառը եղել է ոչ թե սնունդը, այլ բացառապես շմոլ գազը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ ․ «Փաստ» թերթի՝ 17․ 01․ 26










