ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղթելյանը հայտարարեց, որ դեռ հստակ որոշում չկա՝ արդյո՞ք նախընտրական դաշինքը կրկին ղեկավարելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թե՞ ոչ:
ՀՅԴ ԳՄ անդամը դեռ նաև հստակ չի պատասխանում, թե ՀՅԴ-ն դաշինքի ձևաչափով որ ընդդիմադիր ուժերի հետ է պատրաստվում խորհրդարանական ընտրություններին մասնակցել: Իշխան Սաղաթելյանը, սակայն, ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացնելու համար պատրաստ են այլ քաղաքական ուժերի հետ միանալ:
«Եթե ստեղծվի իրավիճակ, որ այս իշխանության հեռացումը պայմանավորված լինի մեր՝ մեկ այլ ուժի հետ համագործակցելու հարցով, կհամագործակցենք ընդդիմադիր դաշտի իրական ուժերի հետ՝ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Ով ում կմիանա, ինչ իրավիճակներ կլինեն՝ ցույց կտան ընտրությունների արդյունքներրը»,- շեշտեց ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Նշենք՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն որոշել է մասնակցել 2026թ. ընտրություններին՝ նախապատվություն տալով դաշինքային ձևաչափին:










