Փաշինյան, Ավինյան, Միրզոյան․ էլ ովքեր են թերի պատասխաններ տվել քաղաքացիներին


Փաշինյան, Ավինյան, Միրզոյան․ էլ ովքեր են թերի պատասխաններ տվել քաղաքացիներին
Հունվար 13 11:47 2026

Այս գերատեսչությունները և պաշտոնյաները 2025 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։ Այսպես.

 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան

  • «Սիվինեթ» (CivilNet) լրատվական պարբերականի լրագրող Հայկ Հովհաննիսյանը 2025 թ․-ի հունվարի 21-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչու է հունվարի 20-ի ԱԺ նիստի հերթական նիստը մեկնարկել ՀՀ օրհներգի քառատողերի փոփոխված տարբերակով, եթե ոլորտային օրենքի փոփոխությունները դեռ չեն ընդունվել ԱԺ-ի կողմից։  Լրագրողը նաև խնդրել է նշել, թե ինչ և ում կարգադրության հիման վրա է հնչել փոփոխված քառատողերով օրհներգի տարբերակը։ Ազգային ժողովի նախագահի գրասենյակից լրագրողի հարցմանն ի պատասխան նշել են, որ «․․․ՏԱ օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում»։ ԻԱԿ-ի հետ խորհրդակցելուց հետո լրագրողն ուղարկել է կրկնակի հարցում, որին ի պատասխան ԱԺ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ «․․․  Ձեր կողմից ներկայացված հարցերը որևէ ձևավորված տվյալի կամ տվյալների հարցում չեն հանդիսանում, այլ հանդիսանում են մեկնաբանության տրամադրման հարցում»։ ԱԺ մերժումն անհիմն է, այն չի բխում Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջներից։  Տվյալ դեպքում լրագրողն ԱԺ նախագահից ակնկալել է տվյալներ ԱԺ նիստում տեղի ունեցածի, եղելության, նիստի սկզբում փոփոխված օրհներգի հնչելու փաստի և դրա հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ։ Հետևաբար լրագրողի դիմումը ՏԱ օրենքի իմաստով հարցում է և պետք է ստանա ՏԱ օրենքով սահմանված պատասխան։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան 

 
  • 2025 թ․-ի հուլիսի 10-ին  Factor TV-ի լրագրող Ռոզա Վարդյանյանը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել, թե որ փուլում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու օրակարգի համար» ստեղծվելիք համակարգող խմբի աշխատանքները։ Հարցման համար առիթ էր դարձել ուղիղ մեկ ամիս առաջ՝ հունիսի 10-ին, Նիկոլ Փաշինյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում արված գրառումը, որով Վարչապետն առաջարկել էր «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասով» համակարգող խումբ ստեղծել։ Լրագրողը հարցմամբ խնդրել էր տրամադրել տվյալներ այն մասին, թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ հայտ է ստացվել, արդյո՞ք դրանք բավարար են խմբի ստեղծման համար, սահմանվա՞ծ է դիմելու վերջնաժամկետ և այլն։ Հարցումն ուղարկելու 5-րդ օրն Վարչապետի աշխատակազմը լրացուցիչ 30-օր էր խնդրել պատասխան տրամադրելու համար։ 2025 թ․-ի օգոստոսի 22-ին` հարցումն ուղարկելու 42-րդ օրը, չստանալով պատասխան, լրագրողն այդ մասին  նյութ էր հրապարակում, իսկ 4 օր անց ստանում մի քանի հարցից բաղկացած հարցման պատասխանը մեկ նախադասությամբ․ «Ի պատասխան Ձեր գրության, հայտնում ենք, որ առաջիկայում Ձեր կողմից բարձրացված հարցերին կտրվեն հրապարակային սպառիչ պատասխաններ»։ Վարչապետի աշխատակազմի մերժումը չունի պատշաճ հիմնավորում, ավելին, անգամ եթե մերժումը հիմնավոր է, այն պետք է տրամադրվեր անմիջապես, առանց լրացուցիչ ժամանակ խնդրելու, քանի որ օրենքով լրացուցիչ ժամանակ տրամադրվում է պահանջվող տվյալների առնվազն մի մասի հավաքագրման և ամբողջացման նպատակով։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025 թ.-ի հունվարի 29-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին և 12 նախարարություններին ուղարկել է տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե որ կազմակերպություններին և անհատներին է 2024 թ.-ի ընթացքում տրամադրվել դրամաշնորհներ և/կամ սուբսիդիաներ և տրամադրել նրանց ցանկը: ԻԱԿ-ը խնդրել էր նաև նշել յուրաքանչյուր դրամաշնորհի/ սուբսիդիայի նպատակը, տևողությունը և գումարի չափը, տրամադրել մրցույթի հրավերների հրապարակման հարթակները, առկայության դեպքում՝ ակտիվ հղումներ, յուրաքանչյուր մրցույթի օրվա, մասնակիցների քանակի ու մրցութային հանձնաժողովի որոշումների պատճեները և դրանց հրապարակման ակտիվ հղումները։ Հարցմանը թերի պատասխան է տրամադրել Առողջապահության նախարարությունը։ Վերջինս իր պատասխանում նշել է․ «2024 թվականի ընթացքում Առողջապահության նախարարության կողմից դրամաշնորհները տրամադրվել են Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի  թիվ 2323-Ն որոշմամբ սահմանված կարգով և կազմակերպություններին»՝ ըստ էության չտրամադրելով հայցվող տեղեկությունները: Հատկանշական է, որ պատասխան գրության մեջ նախարարությունը ոչ մի բառ չի նշել սուբսիդիաների մասին, այնինչ ԻԱԿ-ի գրության հարցերը վերաբերում էին ոչ միայն դրամաշնորհներին, այլև սուբսիդիաներին, ուստի առնվազն անհրաժեշտ կլիներ հստակեցնել՝ արդյոք սուբսիդիաներ տրվել են, թե ոչ։
  • 2025 թ․-ի նոյեմբերի 14-ին  Factor TV-ի լրագրող Ռոզա Վարդյանյանը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տվյալներ «Աբովյան» ՔՀԿ-ում գտնվող դատապարտյալ Ռ․ Տ․-ի քաղցկեղի բուժման գործընթացի ձգձգման պատճառների վերաբերյալ, խնդրել հստակեցնել երբ կսկսվի  բուժումը և արդյոք այն կհոգա պետությունը։ Լրագրողը առանձին հարցերով խնդրել էր նաև պարզաբանել, թե ընդհանրապես ինչպես և ինչ ժամկետներում է կազմակերպվում քաղցկեղով հիվանդ դատապարտյալների բուժման գործընթացը, և արդյոք այն դասվում է կալանքի/պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։ Նախարարությունը իր պաշտոնական գրության առաջին կետով մերժել է տրամադրել լրագրողի պահանջած տվյալները՝ նշելով, որ  բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները տրամադրվում են նախարարի համապատասխան հրամանով սահմանված ձևի առկայության դեպքում։ Մյուս երկու հարցեր դեպքում նախարարությունը նշել է, թե գործընթացը որ իրավական ակտով է կարգավորում՝ ըստ էության առաջարկելով դրանից դուրս բերել պահանջվող հարցերի պատասխանները։ Սա օրենքի խախտում է, քանի որ լրագրողը խնդրել է ոչ թե տրամադրել ոլորտը կարգավորող իրավական ակտը, այլ կոնկրետ տեղեկություն։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը սահմանում է եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում։ Սա ենթադրում է որ պատասխան գրության մեջ պետք է նշվեր ոչ միայն կարգավորող իրավական ակտի անվանումը, այլև այն կոնկրետ հոդվածներն ու կետերը, որոնք ներառում են պահանջվող տեղեկությունները։ 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան

  • «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը 2025 թ․-ի մարտի 5-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե  ինչ աղբյուրներից են ստացվել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված 100 մլն դոլարը, որի մասին նախարարը նշել է իր հանրային հարցազրույցներից մեկում՝ հավաստելով, որ «… ծրագրի իրականացման համար արդեն 100 մլն դոլարը առկա է, իսկ մնացած մասը պետական  (բյուջետային) երաշխիքով կտրամադրեն հայկական բանկերը»: Թ․ Ենոքյանը հարցմամբ խնդրել էր տրամադրել նաև  պետական երաշխիք տրամադրելու համար անցկացված աուդիտի արդյունքները։ Նախարարությունը հարցման առաջին հարցին ի պատասխան նշել էր, որ տեղեկությունը դուրս է Էկոնոմիկայի նախարարության լիազորությունների շրջանակից, իսկ աուդիտի արդյունքների տվյալները մերժել էր տրամադրել՝ նշելով որ այն պարունակում է պետական, բանկայի, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ։ Աուդիտի արդյունքների տրամադրման մերժումը պատշաճ չէ, քանի որ հղում չկա, թե կոնկրետ ինչ իրավական ակտով են սահմանված պատասխան գրության մեջ ներկայացված մերժման հիմքերը։ Միաժամանակ, Նախարարությունը նշում է, որ փաստաթուղթը պարունակում է տրամադրման ոչ ենթակա տեղեկություն, ինչը չի բացառում, որ աուդիտի մյուս մասը կարող է լինել բաց և տրամադրվել մասնակի, ինչը այս դեպքում ևս չի կատարվել։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան

  • Factor TV-ի լրագրող Արաքս Մամուլյանն ապրիլի 11-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ընդունման համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերին առնչվող գործընթացների վերաբերյալ, մասնավորապես, արդյոք նախարարությունները, այդ թվում՝ ԱԳՆ-ն, տրամադրե՞լ են այդ պայմանագրի վերաբերյալ իրենց իրավասության շրջանակներում եզրակացություններ։ Լրագրողը խնդրել է նաև տրամադրել պայմանագրի տեքստը։ Նախարարությունն արձագանքել է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ՝ պատասխան գրությամբ նշելով միայն, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով  Հայաստանի և Ադրբեջանի միջև  համաձայնագրի նախագիծը պատշաճ ժամկետներում կանցնի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը»։ Միաժամանակ համաձայնագրի տեքստը տրամադրելու համար ԱԳՆ-ն 30-օրյա լրացուցիչ ժամկետ է խնդրել,  ապա դրա լրանալուց  4 օր առաջ մերժել հայցվող տեղեկության տրամադրումը։ Ստացվում է նախարարությունը ոչ միայն խախտել է ժամկետներն ու չի տրամադրել բովանդակային պատասխան, այլև խախտել է նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկություն տնօրինողն այդ մասին պետք է հայտնի 5-օրյա ժամկետում՝ նշելով մերժման հիմքը։ Վերոնշյալ տեղեկությունը նախարարությունից ստանալու նպատակով լրագրողն ուղարկել է մի քանի հարցում, որոնց պատմությունը լրագրողը ներկայացրել է նաև առանձին հոդվածներով։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան

  • 2025 թ. մարտի 21-ին News.am լրատվական կայքի լրագրող Թագուհի Մելքոնյանը ՀՀ դատախազություն է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2023 թ. Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախաձեռնությամբ և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո արդյոք 2024 և 2025 թթ. ընթացքում ռուսական կողմը, ՀՀ դատախազը կամ այլ միջնորդ երկիր հանդես եկել է երեք երկրների գլխավոր դատախազների կամ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների երկկողմ ձևաչափով նոր հանդիպում կազմակերպելու առաջարկով: Լրագրողը նաև հարցրել է, հնարավոր նոր հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև  Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում ՌԴ գործընկերոջ աջակցությունը ստանալու վերաբերյալ: Դատախազությունը, սակայն, այս 4 հարցից բաղկացած գրությանը պատասխանել է մեկ նախադասությամբ՝ «Ի պատասխան մարտի 21-ի գրության՝ հայտնում եմ, որ Ձեր կողմից նշված եռակողմ հանդիպման ողջ տեղեկատվությունը առկա է ՀՀ դատախազության կայքում» և տրամադրել ակտիվ հղում, որը տանում է լրագրողի կողմից նշված հանդիպման մասին պատմող տեղեկատվական նյութին։ ԻԱԿ-ի հետ խորհրդակցելուց հետո լրագրողը մարտի 24-ին ուղարկել է կրկնակի հարցում, որին սակայն դատախազությունը պատասխանել է նույնաբովանդակ գրությամբ։ ԻԱԿ-ը Դատախազության պատասխանները որակել  անհիմն։
  • 2025 թ․-ի փետրվարին «Ինֆոքոմ» լրատվական կայքի լրագրող Միլենա Խաչիկյանը  մասնակցել է մի դատական նիստի, որը վերաբերում էր 10 տարի առաջ կատարված սպանության գործին։ 9 տարի դատարանում քննվելուց հետո գործը քննող դատավորի փոփոխություն է տեղի ունեցել, և նոր դատավորը որոշել է գործի քննությունը սկսել սկզբից։ Նիստի ընթացքում հանրային մեղադրող Տաթևիկ Ղուկասյանը հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։ Քանի որ դատական նիստի ավարտին ևս մեղադրողը հրաժարվել է առանց համապատասխան թույլտվության պատասխանել լրագրողի հարցերին, «Ինֆոքոմը» նախ փորձել է  դատախազության հանրային կապերի բաժնի միջոցով հանդիպում կազմակերպել, ապա 2025 թ․-ի փետրվարի 13-ին ուղարկել է տեղեկություն ստանալու հարցում։ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չստանալով՝ լրագրողը դիմել է Դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից խոստացել են պատասխանն ուղարկել մինչ փետրվարի վերջ՝ ուշացումը պայմանավորելով տեխնիկական խնդրով, սակայն այդպես էլ չեն արձագանքել։ Բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ մարտի 4-ին՝ հարցումն ուղարկելուց երեք շաբաթ անց միայն Դատախազությունն ուղարկել է պատասխան գրություն, նշելով՝ «Քրեական գործով դատախազի իրավական դիրքորոշումները ներկայացվում են դատական նիստի ընթացքում»։ ԻԱԿ-ը պատասխանը գնահատում է որպես թերի և ժամկետանց, քանի որ խախտվել են օրենքով սահմանված պատասխանի ժամկետները, ինչպես նաև Դատախազությունը չի տրամադրել լրագրողի հայցած ամբողջ տեղեկատվությունը, մասնավորապես, տվյալ վարույթով երբևէ մեղադրանքի պաշտպանություն իրականացրած դատախազների ցանկը և փոփոխության հիմքերը՝ առանց հիմնավորելու տեղեկությունը չտրամադրելու պատճառները։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն պետ Գրիգոր Ներսիսյան 

  • 2025 թ․-ի հունվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ խնդրելով տրամադրել գործակալության տարեկան հաշվետվությունները կամ դրանց հրապարակման ակտիվ հղումները։ Պատասխան գրությամբ գործակալությունը չի տրամադրել 2017 թ., 2018 թ., 2021 թ., 2022 թ. հաշվետվությունների հրապարկման հղումները, տեղեկացնելով, որ դրանց մասին տեղեկություն չունի։ Միաժամանակ իր պատասխանում գործակալության ղեկավարը նշել է, որ 2024 թ․-ի հաշվետվությունը դեռևս առկա չէ։ ԻԱԿ-ը պատասխանը որակել է անհիմն, քանի որ Գործակալությունը ԻԱԿ-ի հարցմանն ի պատասխան չի տրամադրել հրապարակային հաշվետությունները։ Նշենք, որ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն՝  ԱՏՊ գործակալությունը պարտավոր է տարեկան մեկ անգամ ներկայացնել հրապարակային հաշվետվություն՝ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում առկա իրավիճակի և նախորդ տարվա գործունեության վերաբերյալ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

  • Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանը 2025թ.-ի մայիսի 29-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի վերաբերյալ։ Լրագրողը խնդրել է նաև տրամադրել քաղաքապետարանի և «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության միջև կնքած պայմանագրի պատճենը՝ կից փաստաթղթերով:Երևանի քաղաքապետարանը պատասխան գրությամբ տրամադրել է ակտիվ հղում՝ նշելով, որ այնտեղ կարելի է ծանոթանալ պահանջվող պայմանագրին։ Տրամադրված հղումը, սակայն, պայմանագրին հասանելիություն չի ապահովում, այլ տրամադրում է Երևանի քաղաքապետարանի պայմանագրերի օրինակելի ձևանմուշը։ Լրագրող Գայանե Խաչատրյանը հունիսի 16-ին կրկին դիմել է քաղաքապետարան՝ նշելով հղման ոչ պատշաճ լինելու մասին և կրկին խնդրել է ուղարկել երկկողմ ստորագրած պայմանագրի պատճենը։ Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ պայմանագրի «….տրամադրումն այս փուլում հնարավոր չէ»։Այսպիսով, Քաղաքապետարանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ մերժելով տրամադրել տեղեկությունը՝ առանց պատշաճ հիմնավորելման։ Լրագրողը դիմել է ԻԱԿ-ին խախտված իրավունքի պաշտպանության հարցով, ԻԱԿ-ը հուլիսի 2-ին Երևանի քաղաքապետարան է ուղարկել հարցում՝ նույն տեղեկության տրամադրման պահանջով։
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025թ․ հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարան էր ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե որքան է կազմել Երևանյան միջազգային բալետային փառատոնի  ընդհանուր ծախսը, ինչ պայմանագրեր են կնքվել փառատոնի շրջանակում, որ կազմակերպություն(ներ)ն է իրականացրել փառատոնի լոգիստիկայի կազմակերպումը, որքա՞ն գումար է հատկացվել և ինչ նպատակով Փառատոնին ելույթ ունեցած թատրոններից յուրաքանչյուրին և այլն։ Քաղաքապետարանը պատասխանել է ԻԱԿ-ի հարցմանը, սակայն հունիս 24-ի դրությամբ տրամադրված 3 պայմանագրերից ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111 ծածկագրով պայմանագիրը տեղադրված չի եղել պետական գնումների համակարգում, իսկ փառատոնին ելույթ ունեցած թատրոններին տրամադրված գումարի չափը չի տրամադրվել՝ կոմերցիոն գաղտնիքի հիմքով։ Բացի այն, որ համայնքային բյուջեից կատարված ծախսը չի կարող համարվել առևտրային գաղտնիք, քաղաքապետարանը, համաձայն Տեղեկատվության ազատության մասին օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի, չի  վկայակոչել իրավական այն նորմը, որի համաձայն տվյալ տեղեկությունը համարվում է գաղտնիք և ենթակա չէ տրամադրման։Հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ուղարկել է կրկնակի հարցում՝ պահանջելով տրամադրել պայմանագրերի ակտիվ հղումները, ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111 ծածկագրով պայմանագրի լուսապատճեն ու Փառատոնին ելույթ ունեցած թատրոններից յուրաքանչյուրին տրամադրված գումարի չափն ու նպատակը։ Քաղաքապետարանը կրկնակի հարցմանը նորից տվել է թերի պատասխան. ներկայացրել է պայմանագրերի ծածկագրերը և Պետական գնումների համակարգի ընդհանուր հղումը՝ չապահովելով պայմանագրերին հեշտ հասանելիություն, ինչպես նաև նշված պայմանագրի լուսապատճեն։ Կրկնակի հարցումից հետո պայմանագիրը 03․07․2025 թ․-ի դրությամբ գտնվել է համակարգում։ Թատրոններին տրամադրված գումարի առնչությամբ հարցին նույնպես քաղաքապետարանը չի տրամադրել պատշաճ պատասխան․ «նշված ստեղծագործական հաստատություններին հատկացված ելույթավճարների չափը կարող է հրապարակվել Պայմանագրի կողմ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված և հրապարակման ենթակա տեղեկատվության հիման վրա, որը, ինչպես տեղեկացրել ենք մեր 13/78709-25 գրությամբ՝ կարող է հրապարակվել ստեղծագործական հաստատությունների հետ համապատասխան փոխհամաձայնեցումներից հետո»: 

Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյան

  • «Ինֆոքոմ» լրատվական կայքի լրագրող Լիլիթ Գրիգորյանը 2025 թ․-ի հունվարի 7-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Ալավերդու համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչքան գումար է համայնքապետարանը ծախսել ամանորյա գնումներ համար, ինչպես նաև տրամադրել ամանորյա բոլոր գնումների ծածկագրերը։ Լրագրողի տեղեկացմամբ հունվարի 15-ին, երբ արդեն լրացել էր օրենքով սահմանված ժամկետը, համայնքապետարանի մամուլի խոսնակը լրագրողին տեղեկացնում է, որ մասնագետին առնչվող խնդիրների պատճառով պատասխանը կկարողանան տրամադրել հունվարի 21-ին և խնդրել է ընդառաջել։ Հունվարի 21-ին և դրան հաջորդող մի քանի օրերին լրագրողին խոսնակի հետ կապ հաստատել չի ստացվել։ Հարցումը մնացել է անպատասխան։ 

Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյան

  • «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից գործարկվող «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի լրագրող Լուսինե Սարգսյանը 2025 թ․-ի հունվարի 16-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Վանաձորի համայնքապետարան` խնդրելով տրամադրել տեղեկություն Վանաձորում կառուցված սմարթ կանգառների վերաբերյալ։ Համայնքապետարանը, թեպետ բոլոր հարցերին տրամադրել է թվագրված պատասխաններ, սակայն տրամադրված պատասխանը թերի է, ոչ ամբողջական, իսկ սմարթ կանգառների ծրագրի նախագծային ամբողջական փաթեթի համար տրամադրված հղումը չի գործում։
  • Հանրային ռադիոյի մարզային թղթակից Լուսինե Սարգսյանը 2025 թ․-ի մարտի 31-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող  «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով Վանաձոր համայնքում նախատեսված պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամասի վերաբերյալ։ Համայնքապետարանը պատասխան գրությամբ թեպետ տրամադրել է թվագրված պատասխան գրեթե բոլոր հարցերին, սակայն չի հիմնավորել վերաբերելի տվյալների բացակայությունը, իսկ լրագրողի վերջին հարցին, թե եթե արտադրամասը դեռևս չի գործում, ապա ի՞նչն է պատճառը և երբ է նախատեսվում արտադրամասի գործարկումը, համայնքապետարանը պատասխանել է՝ «Հավելյալ կտեղեկացվի»։
  • «Ինֆոքոմ» լրատվական կայքի լրագրող Սուսինա Խաչատրյանը 2025 թ․-ի հոկտեմբերի 2-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Վանաձորի համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել «50 բակերի հիմնանորոգում, խաղահրապարակների կառուցում» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի նախագծանախահաշվային փաստաթղթերը, դրանց փորձաքննություն իրականացնող ընկերության հետ պայմանագրերը և ծրագրում ներառված 50 բակերի հասցեների ցանկը։ Համայնքապետարանը 18 օր անց՝ հոկտեմբերի 20-ին, ուղարկած գրությամբ առանց պատշաճ հիմնավորման մերժել է տրամադրել 1-ին հարցով պահանջված տեղեկությունը՝ նշելով, որ ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերն ուղարկվել է փորձաքննության և տեղեկությունները կտրամադրվեն փորձաքննության փուլն ավարտելուն պես, իսկ մյուս երկու հարցերին ընդհանրապես չի անդրադարձել։ Հոկտեմբերի 24-ին լրագրողն ուղարկել է կրկնակի հարցում՝ մանրամասն հիմնավորելով, որ մերժումն անհիմն է։ Համայնքապետարնն այս անգամ ուղարկել է փորձաքննության ծառայությունների մատուցման պայմանագրի ծածկագիրը, սակայն նախագծանախահաշվային փաստաթղթերը և բակերի ցանկը հրաժարվել է տրամադրել՝ նշելով, որ դրանք դեռևս փորձաքննության փուլում են։ Չստանալով նոր գրություն՝ նոյեմբերի 14-ին լրագրողը ևս մեկ հարցում է ուղարկել՝ հղում անելով համայնքապետարանի տված պայմանագրում նշված ժամկետներին և խնդրելով տրամադրել փորձաքննությանն առնչվող տեղեկություններ, այդ թվում նաև դրա ընթացքի և վերջնաժամկետի մասին։ 2026 թ․-ի հունվարի 12-ի դրությամբ համայնքապետարանը լրագրողին չի պատասխանել։

Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյան

  • 2025 թ․ մայիսի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Արտաշատի համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել «Շահումյան գյուղի Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքների և դրույքաչափերի վերաբերյալ տեղեկություններ։ Հարցման առիթը քաղաքացի Լիլիթ Սիմոնյանի դիմումն էր ԻԱԿ-ին։ Դիմումի համաձայն՝ Լ․ Սիմոնյանը 2025 թ.-ի ապրիլի 25-ին նույնաբովանդակ հարցում էր ուղարկել համայնքապետարան, ապա օրենքով սահմանված ժամկետներում չստանալով պատասխան՝ մայիսի 6-ին ուղարկել էր կրկնակի հարցում։ Մայիսի 8-ին համայնքապետարանը պատասխան գրությամբ մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունները։ Քաղաքացին ևս մեկ նույնաբովանդակ հարցում է ուղարկել նաև մայիսի 10-ին սակայն համայնքապետարանը պաշտոնական գրությամբ նշել է, որ արդեն իսկ պատասխանել է հարցումներին։ ԻԱԿ-ն իր հարցման մեջ նշել է, որ տեղեկության՝ զուտ անձնական տվյալ լինելն այդ տեղեկության տրամադրումը մերժելու հիմք չէ, իսկ տեղեկության, այդ թվում՝ անձնական տվյալ հանդիսացող տեղեկության մերժման հիմքը այդ տեղեկության տրամադրման սահմանափակումն է (տեղեկության՝ որևէ գաղտնիք լինելը), այնինչ, համայնքապետարանն իր մերժման մեջ թեպետ հղում է արել «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքներին, սակայն չի տրամադրել իրավական այն նորմը, որով ամրագրվում է տվյալ տեղեկության գաղտնիք լինելու հանգամանքը։ ԻԱԿ-ի հարցմանն ի պատասխան համայնքապետարանը կրկին մերժել է տրամադրել տեղեկությունը՝ առանց պատշաճ պատճառաբանելու մերժումը։

Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյան

  •  2025 թ․-ի դեկտեմբերի 1-ին «Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Խաչատրյանը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Վեդիի համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել 2022 թվականի ապրիլի 28-ի 15-Ա որոշմամբ հաստատված կանոնակարգը, որին հղում է արել Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարը՝ ներկայացնելով նոյեմբերի 17-ին «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման գործունեությանը նվիրված ավագանու նիստի անցկացման կարգը։ Հարցում ուղարկվել է e-request հարթակի միջոցով էլեկտրոնային ստորագրությամբ։ Հարցմանն ի պատասխան Արփինե Խաչատրյանը ստացել է էլեկտրոնային ծանուցում, որով համայնքապետարանը տեղեացրել է, թե «ներկայացված դիմումը չի համապատասխանում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, ուստի նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն թողնվում է անհետևանք»։ Հարկ է նշել, որ թեպետ Խաչատրյանը էլեկտրոնային փոստով ստացել է պաշտոնական ծանուցում, սակայն e-request հարթակում գրության կարգավիճակը մնացել է անփոփոխ և այսօր էլ դեռևս «ընթացքում է»։ Դեկտեմբերի  17-ին Արփինե Խաչատրյանը  ուղարկել է կրկնակի հարցում այս անգամ էլեկտրոնային ստորագրությունից բացի կցելով նաև ստորագրության պատկերով հարցման սքանը։ Խաչատրյանը խնդրել է հստակեցնել, թե իր կողմից ուղարկված հարցումը օրենքի կոնկրետ ո՞ր պահանջին չի համապատասխանել, որի պատճառով թողնվել է անպատասխան։ Հարցման երկորդ և երրորդ կետերով Խաչատրյանը խնդրել  է տրամադրել վերոնշյալ կանոնակարգը կամ դրա ակտիվ հղումը, ինչպես նաև կանոնակարգի այն բոլոր կետերի ցանկը, որոնց, քաղվածքն ընթերցելիս, հղում է կատարել է պարոն Հրաչյա Ստեփանյանը։  Վեդիի համայնքի աշխատակազմը պատասխան գրությամբ համայնքապետարանը տրամադրել է կանոնակարգի  հղումը, սակայն չի ներկայացրել պահանջվող ցանկը՝ նշելով, թե դա ներկայացված է հենց կանոնակարգում։  Համայնքապետարանի պատասխանը թերի է,  քանի որ համայնքապետարանը  առանց պատշաճ հիմնավորման մերժել է 3-րդ հարցով պահնաջվող տեղեկության տրամադրումը։ Միաժամանակ տրամադրված կանոնակարգի հղումը ակտիվ չէ, քանի որ ուղարկված պատասխանները ներկայացված է լուսանկարի ֆորմատով սքանի տեսքով, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում հղումը օգտագործելու համար։ Ըստ էության ոչ հստակ է նաև առաջին հարցի պատասխանը, քանի որ, համայնքապետարանի պատասխանը չի բացատրում, թե ինչու ՀԿ նախագահի էլեկտրոնային ստորագրությունը բավարար չի եղել հարցումը ստորագրված համարելու համար։ Սակայն առավել ուշագրավ է նաև այն, որ համայնքապետարանի նման գործելաոճը հակասում է նաև ընդունված վարչարարական պրակտիկային, որի համաձայն՝ ստորագրության բացակայությունը չի համարվում բավարար պատճառ տեղեկություն ստանալու հարցմանը մերժելու համար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյան

  • 2025 թ.-ի ապրիլի 7-ին Infocom.am կայքի լրագրող Լուսինե Մանվելյանը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով  տրամադրել կուսակցության բոլոր հաշիվներին կատարված փոխանցումները (նվիրատվությունները) 2025 թվականի փետրվարի 21-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածի համար՝ նշելով նվիրատուի անուն, ազգանուն, հայրանունը, նվիրատվության չափը, փոխանցման օրը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փետրվարի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքում հրապարակվել էր  հաղորդագրություն այն մասին, որ կուսակցությունը սկսում է դրամահավաք-արշավ Գյումրու և Փարաքարի ավագանիների ընտրությունների քարոզարշավները և կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով։Ապրիլի 28-ին լրագրողը ստացել է տեղեկատվության տրամադրման մերժում այն հիմնավորմամբ, որ ընթացիկ տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը սահմանված կարգով ԶԼՄ-ներով կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում (մինչև 2026 թվականի մարտի 25-ը)։ Հունիսի 4-ին Infocom.am-ի լրագրողն ուղարկել է կրկնակի հարցում, որով խնդրել է  տրամադրել մերժման իրավական հիմքը՝ նշելով օրենքի այն կետը, որով տվյալ տեղեկության մերժումը համարվում է պատշաճ։ Լրագրողի կրկանակի հարցումը հուլիսի 2-ի դրությամբ մնացել է անպատասխան։ Հիշեցնենք, որ դատական նախադեպ կա նմանատիպ խնդրի վերաբերյալ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2023 թ.-ի սեպտեմբերի 17-ին կայացած Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններից առաջ կրկին մերժել էր տրամադրել ստացված նվիրատվությունների ցանկը: ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով տեղեկություններ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների վերաբերյալ տեղեկություններ, որը կուսակցությունը մերժել էր տրամադրել: Սակայն արդեն 2024թ. հունվարին՝ ԻԱԿ-ի դատարան դիմելուց հետո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խնդրել է կնքել հաշտության համաձայնագիր և տրամադրել նախընտրական դրամահավաքի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները, որոնց հիման վրա լրատվամիջոցները մի շարք կասկա