Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է վերակազմավորել «Հաղթանակ» և «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնները՝ ներդնելով կենտրոնացված կառավարման նոր մոդել։ Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Երկու կազմակերպություններն էլ պետական ոչ առևտրային են և շուրջօրյա խնամքի ծառայություններ են մատուցում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց։ Ներկայում երկու կենտրոնների շահառուների ընդհանուր թիվը կազմում է 475, իսկ աշխատակիցների թիվը 330 է։
Նախարարության գնահատմամբ՝ երկու կազմակերպություններն իրականացնում են նույնաբովանդակ գործունեություն, ունեն նույնական գործառույթներ, միանման կառուցվածք և համանման ռեսուրսային պահանջներ, սակայն առանձին կառավարման համակարգերի առկայությունը հանգեցնում է գործընթացների կրկնության և վարչական ծախսերի ավելացման։
«Երկու իրավաբանական անձանց սպասարկումը պահանջում է առանձին հաշվետվողականության վարում և առաջացնում է լրացուցիչ ծախսեր՝ հատկապես հաշվապահական հաշվառման, վարչատնտեսական ապահովման, տեխնիկական աջակցության և կադրային համակարգման ուղղություններով։ Սա բերում է կրկնվող գործընթացների գոյացման և վարչական ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ներդնել կենտրոնացված կառավարման նոր մոդել՝ վարչական ռեսուրսների միավորման միջոցով։ ԱԱյդ նպատակով առաջարկվում է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Վերջինըս կվերանվանվի «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կստեղծվի կազմակերպության համապատասխան մասնաճյուղը։
«Միավորման արդյունքում կձևավորվի կենտրոնացված կառավարման միասնական համակարգ, որը կնպաստի վարչական և սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը»,-ընդգծում են նախագծի հեղինակները՝ նշելով, որ հնարավոր կլինի կրճատել փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ իրականացնող հաստիքները և նվազեցնել վարչական ծախսերը։
Նախարարության ակնկալիքով՝ իրավական ակտի ընդունման դեպքում կբարձրանա կառավարման որակը, կօպտիմալացվի որոշումների կայացման գործընթացը, կկրճատվեն համաձայնեցման օղակները, կամրապնդվեն ներքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև կապահովվի ռեսուրսների ավելի ռացիոնալ բաշխում։










