Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ վերջին օրերին ծավալվող զարգացումների ֆոնին Հայաստանում և Սփյուռքում տարբեր թեմերի տասնյակ քահանաներ հրապարակային հայտարարություններով և գրառումներով իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին։
Երեկվանից սկսած հոգևորականների կողմից սոցիալական հարթակներում և հրապարակային ձևաչափերով տարածվում են ուղերձներ, որոնցում շեշտվում է եկեղեցու նկատմամբ որդիական հավատարմությունը, ինչպես նաև հավատը նրա հոգևոր առաքելության շարունակականության հանդեպ։ Ըստ շրջանառվող տվյալների՝ արդեն ավելի քան 100 հոգևորական է միացել այս նախաձեռնությանը։
Հայտարարություններում ընդգծվում է, որ ներկայիս իրավիճակում անհրաժեշտ է մնալ եկեղեցական կոչման և առաքելության մեջ հավատարիմ ու աներեր, իսկ սերն ու հավատարմությունը Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ արտահայտել առավել նվիրված ծառայությամբ։
Ներկայումս Հայ Առաքելական Եկեղեցին ունի ընդհանուր առմամբ 489 քահանա, նրանցից 250-ը ծառայում են Հայաստանում, իսկ 239-ը՝ Սփյուռքում։
Տարբեր թեմերից հնչող ուղերձներում վերահաստատվում է անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ընդգծելով, որ Հայրապետը շարունակում է մնալ հայ ժողովրդի հոգևոր միասնության առանցքային խորհրդանիշը։
Միաժամանակ, արձանագրվում է նաև հակադիր դիրքորոշում։ Որոշ հոգևորականներ միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիրադավ եպիսկոպոսների հայտարարած «եկեղեցու բարենորոգման օրակարգին»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցիալական հարթակում գրել է, որ այս պահի դրությամբ 10 եպիսկոպոսների ներկայացրած «բարենորոգման օրակարգին» միացել է արդեն 20-ից ավելի վարդապետ և քահանա։










