«Կա ակնհայտ փաստ՝ 33 հոգի է ստացել ընդդիմադիր մանդատ, Արտակ Գալստյանը խոսելու տեղ չունի, որովհետև երբ նա գտնվում էր կալանավայրում, թող մանդատից հրաժարվեր, իրենց ցուցակով մյուսը գար, այդ ժամանակ իրապես կունենայինք 33 հոգի և կկարողանայինք տապալել ՔՊ-ին»,- Երևանի ավագանու նիստի ընդիջմանն ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի ելույթին, որում նա փորձեց արդարանալ ավագանու նիստի օրակարգի քվեարկությունը չբոյկոտելը։
Հակոբյանը նշեց, որ բոլորն էլ գիտեն, որ «Հանրային ձայն» խմբակցությունը Վարդան Ղուկասյանի(Դոգ) շնորհիվ է ստացել իր քվեն, իսկ Արտակ Գալստյանը և ևս երկուսը Վարդան Ղուկասյանից տարանջատվել են և ծառայում են ՔՊ-ին, և ընկեր Գևորգ Ստեփանյանին դիմեցին, որպեսզի տապալեն քվերակությունը, ինչը չեղավ։
Անդրադառնալով Արտակ Գալստյանի հայտարարությանը, որ «Մայր Հայաստան» խմբակցությունից բացակայողներ կային, այդ պատճառով չէին կարող տապալել կարմիր գծերի հետ կապված որոշման ընդունումը՝ Հակոբյանն ասաց. «Այո, շատ լավ կլիներ 33-ով այստեղ լինեինք, դեմ քվեարկեինք, բայց քանի որ ակնհայտ է, որ 33 հոգի չկա, կա մեկ այլ մեխանիզմ, եթե ընդդիմադիրներից որևէ մեկը չի մասնակցում քվեարկությանը, թեկուզ լինի 32 կողմ, միևնույնը տապալվում է և մյուս տարի կունենայինք անվճար աղբահանություն, անվճար ապօրինի թանկացված պարկինգ և մնացած բոլոր տեղական վճարները»։
Ավագանու անդամը նկատեց, որ մինչև կարմիր գծերի թանկացումը, հավաքվում էր 900 միլիոն դրամից ավել գումար, իսկ խմբակցության պաշտոնական հարցմանն ի պատասխան, թե ինչքան գումար է անհրաժեշտ կարմիր գծերի ծառայությունը մատուցելու համար, քաղաքապետարանից պատասխանել են 450 միլիոն։
«Այսինքն առանց որևէ թանկացման արդեն իսկ կրկնակի հավաքվում էր»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով, երբ մարդը որոշում է դառնա ընդիմադիր, ինքը պետք է հասկանա, որ լինելու են բռնաճնշումներ, լինելու են գայթակղիչ առաջարկներ։
«Նրանք պետք է իմանան, որ լինելու է դժվար և երբեմն տհաճ, բայց պետք է գաս և մինչև վերջ պայքարես։ Իսկ այս մարդիկ ծախվեցին։ Մենք բոլորս զայրացած ենք, որովհետև եթե իրենք այսօր չմասնակցեին քվեարկությանը, մենք հաղթելու էինք»,-ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամը։










