«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Եզրաս Սրբազանը ԿԳԲ-ի գործակալ է, դրանից մեծ կոմպրոմա՞տ»։
«Առանց անուն տալու, որովհետև դա մասնագիտական էթիկայից դուրս է, բայց եթե դա կոմպրոմատ է, Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած մարդ կա, որն ինքն է ասել, ընդունել ու բացահայտել, որ ինքը եղել է անվտանգության մարմինների գործակալը»,- ասաց նա։
Հարցին՝ խոսքն Արարատ Միրզոյանի մասի՞ն է՝ Վանեցյանը շարունակեց․ «Եթե դա կոմպրոմատ է, ի՞նչ գործ ունի այդ մարդը ՀՀ բարձրագույն իշխանության մեջ»։
Ի պատասխան դիտարկմանը, որ եթե խոսքն Արարատ Միրզոյանի մասին է, ապա նա եղել է ՀՀ ԱԱԾ գործակալ, իսկ Եզրաս Սրբազանը՝ ԿԳԲ-ի գործակալ, Արթուր Վանեցյանն արձագանքեց, որ այդ ամենի ապացույցները ներկայացված չեն․ «Վաղը ձեզ կամ ինձ էլ կարող են մեղադրել Մոզամբիկի հատուկ ծառայության մեջ լինելու համար»։
Նա շեշտեց, որ 1991-ից հետո ԿԳԲ-ն այլևս գոյություն չունի. «Եթե իրավահաջորդից կան տվյալներ, որ որևէ մեկը համագործակցում է օտարերկրյա հատուկ ծառայության հետ, անկախ նրանից՝ որ երկրի մասին է խոսքը, այդ մարդուն պետք է ձերբակալել, քննություն անցկացնել։ Եթե նման տվյալներ չկան, ապա դրանք մերկապարանոց հայտարարություններ են։ Ղեկավարը պետք է հասկանա, որ ինքն այլևս դեղին մամուլի ներկայացուցիչ չէ»։
Ըստ Արթուր Վանեցյանի՝ Փաշինյանի քայլերը միտված են մեկ բանի՝ նա մշտապես պետք է զբաղեցնի ժողովրդին։










