«Եկեղեցին ինքնուրույն կարող է հայտնաբերել առկա թերություններն ու շտկել դրանք, և որևէ մեկը իրավունք չունի միջամտել նրա գործունեությանը»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, եկեղեցին ունի իր ներքին կանոնակարգը և սահմանադրորեն ինքնուրույն կառույց է։
«Եկեղեցին կարող է ինքնուրույն աշխատել, վերլուծել և, եթե կան թերություններ, դրանք վերացնել։ Ոչ ոք իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կանոնակարգին»,– նշեց Օհանյանը։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Մայր Աթոռի շուրջ հավաքվել են ինչպես Կաթողիկոսի հրաժարականը պահանջող քաղաքացիներ, այնպես էլ նրան սատարողներ, Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ստեղծված բաժանարար գծերի պատասխանատուն գործող իշխանությունն է։
«Այս բաժանարար գծերը ստեղծվել են այս իշխանության ձեռամբ։ Մենք միշտ հաղթանակներ ու հաջողություններ ենք ունեցել միասնության շնորհիվ։ Այդպես էր նաև հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ՝ Արցախի առաջին ազատամարտի ժամանակ։ Այս իշխանությունը իշխանության է եկել բաժանարար գծերի միջոցով, և այժմ փորձում է պառակտել նաև եկեղեցին։ Նրանք գտել են մարդկանց, որոնք դավաճանում են իրենց հոգևոր ծառայությանը, Վեհափառին և եկեղեցուն»,– ասաց Օհանյանը։










