Մոտեցեք, իրեն հարցրեք. Արագածոտնի մարզպետն այդպես էլ չասաց՝ նորմա՞լ է, որ Թալինի համայնքապետն աշխատանքային ժամին հավաքի է մասնակցում


Մոտեցեք, իրեն հարցրեք. Արագածոտնի մարզպետն այդպես էլ չասաց՝ նորմա՞լ է, որ Թալինի համայնքապետն աշխատանքային ժամին հավաքի է մասնակցում
Դեկտեմբեր 18 16:31 2025

Արագածոտնի մարզպետ Սերգեյ  Մովսիսյանը հերքեց տեղեկությունները, թե Շիրակի, Արագածոտնի մարզերից դպրոցների, մանկապարտեզների աշխատողներին հավաքագրում են՝ Մայր Աթոռի դեմ գրոհին մասնակցելու համար։

Aysor.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. «Չեմ բացառում, որ մարզից մարդիկ գնացած կլինեն, բայց այս պահին ինֆորմացիա չունեմ»։

Մանակցելո՞ւ է այսօր Մայր Աթոռի հավաքին՝ Մովսիսյանը նշեց. «Չգիտեմ, հիմա այլ գործի եմ։ Որ վերջացնեմ, չեմ բացառում, որ կմիանամ»։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն աշխատանքային ժամին մասնակցում է հավաքին՝ մարզպետն արձագանքեց. «Թալինի համայնքապետը, բացի համայնքապետ լինելուց, նաև Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է։ Եթե տեղում եք՝ կարող եք մոտենալ և իրեն հարցնել, թող ինքը պատասխանի։ Անկեղծ ասած՝ տեղս հարմար չի, ավելի լավ է թողնենք հետո»։