Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ


Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ
Դեկտեմբեր 18 10:30 2025

ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն՝ անդրադառնալով «տիրադավ» կոչմանն արժանացած եպիսկոպոսների՝ քաղաքացիներին Մայր Աթոռ հրավիրելուն հաջորդած հայտարարություններին:

Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո որոշ քաղաքացիներ և սոցցանցերի օգտատերեր սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ են կատարել։

Հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը:

Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու  «տիրադավ» կոչմանն արժանացած մի խումբ եպիսկոպոսներ դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ․ «Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։