Գերառանցքային մեկ հարցադրում կա, որը մեզանում հետևողականորեն շրջանցվում է. Սամվել Ֆարմանյան


Գերառանցքային մեկ հարցադրում կա, որը մեզանում հետևողականորեն շրջանցվում է. Սամվել Ֆարմանյան
Դեկտեմբեր 12 16:15 2025

«Հայաստանն ու Վրաստանն հեռանկարում անդամակցելու են ԵՄ-ին՝ շրջանցելով Թուրքի՞ան: Սև ծովո՞վ: Թե՞ հանուն Հայաստանի կամ Վրաստանի նման «խոշոր» դերակատարների անդամակցության ԵՄ-ն կգնա տակտիկան զիջման ու Թուրքիային ևս կշնորհի անդամակցություն»,-նման հարց է  հնչեցնում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նա մանրամասնում է.

«1.) Թուրքիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացարել հեռավոր 1987 թ., իսկ 1999 թ. սկսած ԵՄ անդամության թեկնածուի կագավիճակ ունի: 2005 թ. սկսվել ու չեն ավարտվել՝ սառեցվել են անդամակցության բանակացությունները:

2.) Մեզանում տարածված կարծիք կա, թե ԵՄ հնարավոր անդամակցության ճանապարհին Հայաստանի համար ամենախոշոր խոչընդոտը Ռուսաստանն է: Քանի որ կվտանգվի Ռուսաստանի շահերն ու ներկայությունը մեր տարածաշրջանում, Ռուսաստանն ամեն ինչ անում է կամ կանի, որ խոչընդոտի դեպի ԵՄ անդամություն ընկած այդ կանաչ ճանապարհը: Նույնը Վրաստանի մասով:

Մի կողմ դնելով առանցքային գործոնները՝

ա.) ԵՄ-ն այսօր ապրում է իր պատմության երևի ամենաբարդ շրջանը և երբևէ չի հայտարարել ընդլայնման նոր քաղաքականության մասին, ինչը նշանակում է՝ անհնար է ամուսնանալ մեկի հետ, ով ոչ միայն քեզ հետ, այլ ընդհանրապես ամուսնանալ դեռևս չի պատրաստվում:

բ.) Նիկոլի կառավարությունը ԵՄ ուղղությամբ թեև քարոզչական մեծ էֆեկտ ունեցող ֆլիրտներ անում է, բայց հանուն ճշմարտության, երբևէ չի հայտարարել ԵՄ անդամակցության քաղաքական նպատակադրման մասին:

Գերառանցքային մեկ հարցադրում կա, որը մեզանում հետևողականորեն շրջանցվում է.

Հայաստանն ու Վրաստանն հեռանկարում անդամակցելու են ԵՄ-ին՝ շրջանցելով Թուրքի՞ան: Սև ծովո՞վ: Թե՞ հանուն Հայաստանի կամ Վրաստանի նման «խոշոր» դերակատարների անդամակցության ԵՄ-ն կգնա տակտիկան զիջման ու Թուրքիային ևս կշնորհի անդամակցություն:

Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերից բխու՞մ է, որ իր արևելյան երկու հարևանները, չգիտեմ էլ աշխարհագրական ինչ ճանապարհով իրեն շրջանցելով, դառնան ԵՄ անդամ այն դեպքում, երբ ինքը դեռ 1987 թ., այսպես ասած, հերթի մեջ է: Կամ ավելի պարզ ասած, ինչու՞ Ռուսաստանը սեփական աշխարհաքաղաքական շահերի համար պիտի խոչընդոտի Հայաստանի ու Վրաստանի եվրոպական հեռանկարը, իսկ Թուրքիան՝ ոչ: Ինչու՞»։