Հիմա Էջմիածինը փոխարինվել է Հռոմով, Բեռլինով, Աթենքով, Վիեննայով, Փարիզով. Նիկոլ Փաշինյան


Հիմա Էջմիածինը փոխարինվել է Հռոմով, Բեռլինով, Աթենքով, Վիեննայով, Փարիզով. Նիկոլ Փաշինյան
Դեկտեմբեր 11 12:24 2025

2018 թվականի համեմատ՝ դեպի Եվրամիություն ուղևորությունները մոտավորապես 400-500%-ով աճել են, լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասել է, թե դեսպանատներում հիմա 10 ամսվա հերթ կա, ինչը նշանակում է, որ, իրականում, 600-700%-ով է աճել։

«Երբ ես խոսում եմ վիճակագրության, տնտեսական աճի, բարեկեցության մակարդակի աճի մասին, ինձ ասում են՝ «էս ի՞նչ ես խոսում, էլի գնացիք կաբինետներում փակվեցիք»։ Բա դեպի ԵՄ ուղևորությունների աճն այդ ինչպե՞ս է եղել, այսինքն՝ մարդը ձեռները ծափ տալով, ծակ կոշիկով, սոված-ծարավ, կարկատած բանով, Գիքորի նման գնում է Հռո՞մ կամ Բեռլի՞ն»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում բոլորը մոռացել են, որ ավիատոմսը անհասանելի ինչ-որ մի բան էր՝ աստղաբաշխական գներով, իսկ այսօր մարդիկ կարող են 35, 45 կամ 50 եվրոյով տոմս առնել։

«Ու մարդիկ կան, որ ասում են՝ «ի՞նչ տարբերություն, ի՞նչ է փոխվել»։ Ոչ մեկ չի հիշում, որ տասնյակ տարիներով ավիատոմսերի մոնոպոլիայի, դրա հետևում գործող կոռուպցիոն սխեմաների մասին քննարկումներ են եղել»,- ընդգծել է նա։

Փաշինյանը Facebook-ում շատ է տեսնում, որ գրում են՝ «շաբաթ-կիրակի գնացինք, Վիեննա, կոֆե խմեցինք, ման եկանք, հետ եկանք»։

«Ոչ մի բան չի փոխվել, բացարձակապես ոչ մի բան չի փոխվել… իսկ մի ժամանակ «Խաթաբալադա»-ի հերոսն ասում էր՝ «ես Էջմիածին երկու անգամ եմ եղել»։ Հիմա Էջմիածինը փոխարինվել է Հռոմով, Բեռլինով, Աթենքով, Վիեննայով, Փարիզով, բայց «ոչ մի բան չի փոխվել»։ Մարդիկ Սևանի փոխարեն գնում են Եվրամիություն, բայց կառավարությունը կտրված է, սուտ է ասում. աշխատատեղեր, տնտեսական աճ, բյուջեի աճ, սուտ է, նկարում են թվերը, բայց այդ թվերն էլ Եվրամիությունն է, իմիջիայլոց, մեզ տվել, մենք չենք ասել»,- ընդգծել է Փաշինյանը։