Խորանի առաջ ծնկի եմ գալիս և մեղքերիս համար թողություն եմ խնդրում. դա է քրիստոնեությունը. Փաշինյան


Խորանի առաջ ծնկի եմ գալիս և մեղքերիս համար թողություն եմ խնդրում. դա է քրիստոնեությունը. Փաշինյան
Դեկտեմբեր 3 19:54 2025

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրաստվում է եկեղեցին մաքրել Նավասարդ Կճոյանով։

 

«Հենց նորոգման օրակարգը դրա մասին է։ Հիմա էլ եմ ասում՝ բա մարդը «Բենթլի» ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենա, հազար ներողություն, սիրուհիներ ունենա ու հանրությանը հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք, չի կարող լինել։ Եկեղեցու դեմ պայքար մղում են Կտրիճ Ներսիսյանը, Սամվել Խաչատրյանը և իրենց նման այլ ապահոգևոր մարդիկ, ովքեր, ըստ էության, կալանքի տակ են պահում Մայր աթոռը»,-շեշտեց Փաշինյանը։

 

Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը չեն կարող եկեղեցու դեմ արշավ անել, քանի որ եկեղեցին իր հավատավոր հոտով է եկեղեցի. «Մենք Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ ենք, չենք կարող ինքներս մեր դեմ պայքարել։ Այդ Կտրիճ Ներսիսյանն է, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի։ Բա քրիստոնեության ամենակարևոր առանձնահատկությունն ինքնահայեցումն է։ Ես գնում եմ խորանի առաջ ծնկի եմ գալիս և մեղքերիս համար թողություն եմ խնդրում։ Դա է քրիստոնեությունը, այլ ոչ թե հոխորտալը, ոչ թե քրեական ենթամշակույթի հիման վրա ինչ-որ բան անելը»։

 

Ինչ վերաբերում է հոգևորականների նկատմամբ կոմպրոմանտ ունենալուն՝ Փաշինյանը նշեց, որ ամենամեծ կոմպրոմանտը «Կտրիճ Ներսիսյանի ու իր եղբոր վրա է»։

 

«Ի՞նչ կոմպրոմանտի մասին է խոսքը։ Ասում եմ՝ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է, դրանից ավելի մեծ կոմպրոմանտ ուզո՞ւմ եք։ Մինչև այսօր Կտրիճ Ներսիսյանը չի ասել՝ աղջիկ ունի՞, թե՞ ոչ։ Եթե ունի, դա համատեղելի՞ է իր կարգավիճակի հետ»,- հավելեց նա։