Նիկոլ Փաշինյանը հերթական նոր ձևաչափն է հնարել, որպեսզի կարողանա ելույթ ունենալ հազարավոր մարդկանց առաջ։ Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Ձևաչափը անվանվել է «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համագումար», և այն, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 8 հազար մասնակից է ընդգրկել՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ ու քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ։Իր էությամբ սա ներկա-բացակայով հավաքված բյուջետային աշխատողների ու քաղհասարակության որոշ ներկայացուցիչների ժողով է…
Միջոցառումը փակ է եղել մամուլի ներկայացուցիչների համար, որպեսզի տեղեկությունը հասարակությանը մատուցվի իշխանությանը հարմար ձևով և չափաբաժիններով։ Եվս մեկ կարևոր արձանագրում․ հեղափոխություն իրականացրած իշխանությունն այսօր այլևս չի կարողանում ժողովուրդ հավաքել և ելույթ ունենալ։ Իսկ քանի որ առանց հանդիսատեսի ելույթ ունենալը առնվազն տարօրինակ կնայվեր՝ մասայական տեսարանը ապահովելու համար հավաքել են պետաշխատողներին և քաղհասարակության ներկայացուցիչներին։
Կծկտուր լուրեր են հասնում, որ համագումարի ընթացքում խոսվել է նոր Սահմանադրություն ընդունելու մասին։ Սակայն մինչ այդ Փաշինյանը դեռ պետք է կարողանա վերարտադրվել, իսկ մենք պարտավոր են թույլ չտալ դա։ Բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրության ընդունումը միտված է ՀՀ Սահմանադրությունից նախաբանը հեռացնելուն, ինչը, բացի նվաստացուցիչ լինելուց, նաև հղի է մեր պետականության համար վտանգավոր հետևանքներով»,– գրել է նա։










