Բազմաթիվ երկրներ հրաժարվեցին մեզ զենք վաճառել․ Փաշինյան


Բազմաթիվ երկրներ հրաժարվեցին մեզ զենք վաճառել․ Փաշինյան
Նոյեմբեր 22 20:22 2025

Երկար տարիներ, օրինակ, մենք էական սահմանափակումներ ենք ունեցել ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում։

«Բազմաթիվ երկրներ պարզապես հրաժարվել են մեզ սպառազինություն և տեխնիկա վաճառել, և նման դիրքորոշման անկյունաքարային պատճառը եղել է այդ երկրների համոզմունքը, որ մենք ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս։

Հիմա մենք չունենք նման սահմանափակումներ և սրա պատճառն այն է, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը։Լեգիտիմությունը, ուզում եմ նորից ընդգծել, չի երաշխավորում անվտանգությունը, բայց նախ ինքնին անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում և հասանելիություն տալիս անվտանգության ապահովման ժամանակակից շատ միջոցների և տեխնոլոգիաների։

Եթե ավելի պարզ ասեմ՝ լեգիտիմությունն ինքնին փոքրացնում է պատերազմի վիճակում հայտնվելու հավանականությունը, բայց մյուս կողմից հնարավորություն է տալիս էականորեն, անգամներով մեծացնել պաշտպանական կարողությունները, որովհետև երբեք և ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել սեփական միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու որևէ պետության իրավունք։

Եվ այս ըմբռնումը սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաներին հասանելիությունն ավելացնում է անգամներով», – նշել է նա։