Դուք գնալու եք, ամոթը անուններդ ծածկելու է, դա անխուսափելի է. Քրիստինա Վարդանյան


Դուք գնալու եք, ամոթը անուններդ ծածկելու է, դա անխուսափելի է. Քրիստինա Վարդանյան
Նոյեմբեր 20 21:51 2025

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է

«Այսօր առավոտյան, երբ երկրի վարչապետի էջում ինձ նշեցին, գիտեի, որ նման գրառում լինելու է… Փաստորեն, ամբողջ Երևանը մի «մանկաբույժ երեք տարի սթրեսի մեջ է պահում», ստացվում է, որ դուք ձեր տեղում չեք։ Լավ է, որ ցավեցնում եմ, ամեն ինչ ճիշտ է։ Բայց էջիս տեղադրված ծառերը կառույցի կողմից տեղադրածից խիստ տարբեր են, ինչպես միշտ։ Հարգելիներս, այսքան տարվա մեջ անունս և ոլորտս կարելի էր սովորել։ Հիշեք, ի վերջո, ես ՀՀ ԲՈՀ-ի վկայականով հիգիենա դասիչով բժշկական գիտությունների թեկնածու եմ, հիշեք, որ քաղաքային կանաչապատումը գյուղատնտեսություն չէ, այլ կոմունալ հիգիենայի բաժին և ձեր աշխատանքի բոլոր չափորոշիչները մեր կողմից են սահմանված, անգրագետի լռելը ի օգուտ իրեն է։ Քաղաքային կանաչապատման ոլորտում 30 տարվա գիտական և պրակտիկ փորձ ունեմ, 100 տպագրություն, երկար տարիներ կանաչապատման բաժին եմ ղեկավարել, չհաշված ՀՈԱԿ-ը։ Մանկաբուժական կրթությունն էլ առավելութունս է, քանզի չխոսող մանուկի լեզուն հասկացողը, կենդանի ցանկացած օրգանիզմի ցավը հասկանում է, ի տարբերություն հարյուրավոր կանաչ ծառերը հանգիստ սղոցողների։

Հիմա հաջորդիվ.

եթե ծառերը տապալման ենթակա էին, ինչու՞ բյուջեից մեծ գումարներ ծախսեցիք և դրանց բների չափով երկաթե ծածկեր գնեցիք։

Սղոցվող ծառերը, որոնք իմ էջում էին ձեր տեղադրած բարդին չէր։ Վերանորոգման արդյունում էլ ամբողջ փողոցի ծառերի արմատնեը կտրած են։

Փողոցներում այս մոտեցումով ծառերի փոխարինում անելը ալիևյան սեփական պատմություն-գիտությունն է, կրթվեք, ամոթ է, 1մլն 200 հազ բնակչի առողջությանն եք վնասում։

Ձեզ ծափահարողներից բացի, Երևանում այլ մարդիկ էլ են ապրում, ովքեր քայլում են փողոցներով և երրորդ տարին սպասում ձեր խոստացած ստվերին Մոսկովյանում, Ուլնեցիուն, Մելիք-Ադամյանում և այլն… 3 տարի չջրելով, Ներսիսյան փողոցի ծառերը չորացան, դուք ջրցանով սակուրա էիք ջրում։

Դուք գնալու եք, ամոթը անուններդ ծածկելու է, դա անխուսափելի է, ծառասպանդը ձեր ձեռագրով է գրված։ Թեղին ալբիցիայով, ձիակասկով և հուդայածառով փողոցներում փոխարինելը անգրագիտություն է։ Մտածեք, Սովետի օրոք հարգարժան գիտնականները ինչու՞ էին դրանք եզակի քանակով այգիներում տնկել և ապացույցները թողել գիտական ամսագրերում։ Կարդացեք, բաց է։

Ապրեք, որ ՀՈԱԿ-ի էջը փակել եք, գրառումն էլ ձեր աշխատանքի որակը լավ հասկացող երևանցիներն են ուղարկել և խնդրել արձագանքեմ։

Եվ վերջինը՝ ՀՈԱԿ մտածս օրվածից ես թեղիները բուժել և փրկելու մասին եմ մտածել, ինչն արել միջազգային լավագույն փորձագետների հետ, ովքեր տասնամյակներով գործընկերներս են և հիմա էլ էջիս տեսնում են «փայլուն» աշխատանքը։ Մենք բուժեցինք թեղիները, դուք հատեցիք դրանք։ Ձեր անգործության արդյունքում Երևանում կաղնիների զանգվածային վարակ է, ժամանակ եք բաց թողել, ցավոք, ճակատագրական։

Իմ շատ սիրելի երևանցիներ, ես միշտ ազնիվ, հաշվետու և բաց եմ եղել ցանկացած հարցի շուրջ, երբեք չեմ լռել, շահից ելնելով, ասելիքս ասել եմ, ամեն բառիս տակ դնելով անցածս ճանապարհը, գիտական և մասնագիտական փորձը։ Ինչ և երբ արել եմ, եղել է հանուն մեր երկրի, ավագանու կազմում նույն նպատակով եմ, բժշկությունն ու բնությունը քաղաքականությունից դուրս են։ Կանաչապատման ՀՈԱԿ-ում 1,5 տարի եմ աշխատել, հեռանալուցս հետո, միակ բանը, ինչում մեղադրում են՝ ԲԺԻՇԿ լինելն է, աբսուրդ…