Իմ հանձնարարականը մեր պետական մարմիններին հետևյալն է. ես ասում եմ, որ ՀՀ որևէ հարկ վճարող չպետք է հիմք ունենա ասելու, որ Կառավարությունը կամ հարկային մարմինները իրենցից գանձել են թեկուզ մի լումա ավելի: Այդ մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե տնտեսվարողներ կան, որոնք բողոքում են՝ ՊԵԿ-ը պակասուրդը լրացնելու համար անցել է հարկային տեռորի։
«Շատ հստակ հանձնարարական է: Չպետք է լինի տնտեսվարող, որ օբյեկտիվ հիմք ունենա ասելու, որ ՊԵԿ-ը իրենից մի լումա ավելի գումար է վերցրել, քան պետք է վերցներ օրենքով նախատեսված կարգով, և սա շատ հստակ է»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ շարունակությունն էլ կա. «Չպետք է նաև Հայաստանում լինի հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխանիզմ և պրակտիկա: Իհարկե, կան տնտեսվարողներ, որոնք դիմել են, ասում են, որ, իրենց կարծիքով, այս սկզբունքը խախտվում է: Ես մի քանի նամակ ստանալուց հետո նաև հանձնարարել եմ, որ հրավիրեն նամակի հեղինակ տնտեսվարողներին և մեր մարմիններին, գործընկերային, բարեկամական մթնոլորտում՝ ո՛չ ՊԵԿ-ում։ Ես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին եմ հանձնարարել, որ հասկանանք՝ իրո՞ք կան անարդարություններ, իրո՞ք ինչ-որ մի սխալ բան ենք անում մեր տնտեսվարողների նկատմամբ։ Բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրվի, որ մենք անարդար մի լումա գումար ենք վերցրել որևէ մեկից, մենք այդ գումարը վերադարձնելու ձևերը կգտնենք: Դա ուղղակի դեմ է մեր ընկալմանը, աշխարհայացքին, գաղափարախոսությանը. մենք մի լումա ավելի չենք կարող վերցնել»,- նշեց Փաշինյանը:










