Գլխավոր դատախազության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ֆինանսկան տարբեր զեղծարարությունների ու խարդահությունների զոհերը։ Այն նախաձեռնել է HELLOBIT-ի և այլ ներդրումային խարդախությունների գործով «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն։ Կազմակերպության նախագահ Մհեր Կարագյոզյանը հայտարարեց, որ տուժած քաղաքացիները դժգոհ են իրավապահների աշխատանքից ու արձագանքներից։
«Երբ տուժածները դիմում են իրավապահներին, իրենց պատասխանում են «Իսկ ո՞ւր էր ձեր գլուխը», «Ձեր կամքով ձեր գումարները փոխանցել եք, եկել եք մեզանի՞ց եք ուզում»։ Սա հանցագործությունը կոծկելու ձև է, սա առաջացնում է անվստահություն քաղաքացիների մոտ պետական մարմինների նկատմամբ»,-ասաց ակցիայի մասնակիցը։
ՀԿ նախագահը համոզված է, որ իրավապահների անգործության հետևանքով են Հայաստանում լայն տարածում գտել նման խարդախությունները։
«Եթե ես որոշեմ այստեղ կոնֆետ վաճառել, ինձ կասեն, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն եք ծավալու։ Բա նրանցով ո՞վ պետք է զբաղվի։ Տուժածների իրավունքներին նայում են ոտքերի արանքով, մատների արանքով։ Եթե աշխատեին, ապա տուժածների թիվը կլիներ ոչ թե 17 հազար, այլ ավելի քիչ»,-ասաց Կարագոզյանը՝ վկայակոչելով իր ունեցած տվյալները։
Հիշեցնենք, որ մի քանի անգամ ոստիկանությունը, տեղեկատվության անվտանգության փորձագետները կոչ են արել զերծ մնալ անհայտ կազմակերպություններին գումար փոխանցել։










