Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պնդում է՝ Հայաստանում այսօր դատական համակարգ չկա, կան գրպանային դատարաններ, որին դժվար է կոչել համակարգ։
«Մենք ազատ, անկախ, անկաշկանդ ու արդար դատարան չունենք, ունենք գրպանային դատարան, որը բացառապես կատարում է քաղաքական իշխանության կամքը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վարդազարյանը։
Նա վստահ է՝ եթե իշխանափոխություն եղավ՝ նշանակություն չունի՝ այսօր կլինի, թե վաղը, եթե գա նորմալ իշխանություն, որը կուզենա ունենալ իսկապես անկախ դատական համակարգ, պետք է լուծարի այս համակարգն ու նոր համակարգ ձևավորի։
«Ե՛վ իրավական, և՛ կադրային առումով։ Լյուստրացիա պետք է արվի, վեթթինգ պետք է արվի, որ քաղաքական կախյալ դատական իշխանությունը արմատախիլ արվի»,- նշեց ԲԴԽ նախկին նախագահը։
Անկախ դատավորներ, այնուամենայնիվ, մնացել են ՀՀ դատական համակարգում, այդպիսիններից մեկին է օրեր առաջ Ռուբեն Վարդազարյանը հանդիպել ու ասել՝ չընկճվել, սեփական կամքով հրաժարական չտալ, շարունակել աշխատել, որ, գոնե, արդարադատության մի փոքր ծիլ ունենանք։
«Այսօր Հայաստանում մենք չենք իրականացնում արդարադատություն, ցավը դրանում է։ Այն դատավորները, ովքեր այսօր իրենց անկախ են պահում, որոնք ղեկավարվում են օրենքով ու իրավունքի գերակայությամբ, միանշանակ է, նրանք թիրախավորվելու են, նրանց նկատմամբ վարույթներ են հարուցվելու, նրանց լիազորություններն են դադարեցվելու կամ քրեական գործեր են հարուցվելու, ես վստահ եմ դրանում, բայց իմ կոչն է, որ կամավոր հրաժարական չտան, պայքարեն, ինչքան երկար աշխատեն այդ մարդիկ, այդքան մենք որակով դատական ակտեր կունենանք՝ ի հակադրություն այս անորակ, անողնաշար դատական ակտերի, որը համակարգում մեծամասնություն է»,- ընդգծեց ԲԴԽ նախկին նախագահը։










