«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը խայտառակ (9:1) հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից. վերջինս հանդես էր գալիս առանց լեգենդար Կրիստիանո Ռոնալդուի:
Մեր հավաքականը աշխարհի առաջնության ընտրական F խմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը: Ընտրական այս փուլում մեր թիմը 6 խաղերից 5-ում պարտվեց, տարավ 1 հաղթանակ: Մերոնք բաց թողեցին 19 գնդակ` խփելով ընդամենը 3-ը: Երկրպագուական շարժումներից մեկի անդամներից հետաքրքրվել ենք, թե ինչ սպասելիքներ ունեն Եղիշե Մելիքյանից, ու արդյոք տարօրինակ չէ, որ նախկինում ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանին (Մելիքյանը վերջինիս անվանել էր Ռուդոլֆ, ով հայտնի կրիմինալ սերիալի հերոսներից էր) խստագույնս քննադատելուց հետո Մելիքյանը համաձայնել է գալ նրանց ճամբար ու փաստացի աշխատում է Մելիքբեկյանի ու Նիկողոսյանի ենթակայության տակ, գրանցում խայտառակ արդյունքներ:
Մեր աղբյուրը փոխանցեց, որ փակ հանդիպումներ են ունենում Եղիշե Մելիքյանի հետ, ու տպավորություն են ստացել, որ ֆեդերացիայի ղեկավարությունը լավ աշխատավարձ է տալիս Եղիշե Մելիքյանին, եւ հիմա նրան «ուղարկում են» ֆուտբոլային «ընդդիմադիրների» մոտ, որպեսզի համոզելով, խաղցր խոսքերով լռեցնի վերջիններիս եւ մեղմի քննադատությունը ՀՖՖ-ի հասցեին: Մեկ այլ ֆուտբոլային աղբյուր նշեց, որ Մելիքյանի աշխատավարձը մի քանի միլիոն դրամի է հասնում:
Ֆուտբոլային ոլորտից մեկ այլ անձ մեր լրագրողի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ Եղիշե Մելիքյանը դրական վարկանիշ ունեցող մարդ էր, ու արժանի չէր այն քննադատություններին ու հայհոյանքներին, որոնք հնչեցին Պորտուգալիայի հետ խաղից հետո։ Ըստ շրջանառվող կարծիքների՝ Մելիքյանը պետք է շարունակեր աշխատել «Փյունիկ»-ում, որտեղ նա որեւէ խնդիր չուներ, եւ ոչ մի դեպքում չպետք է աշխատեր ֆեդերացիայի հետ։
Թեեւ հիմա էլ ամեն ինչ կորած չէ. պատվաբեր կլիներ, եթե 9։1 հաշվից հետո թե՛ Արմեն Մելիքբեկյանը թե՛ Եղիշե Մելիքյանը ներողություն խնդրեին ու հեռանային, ինչպես 2019 թվականին վարվեց Աբրահամ Խաշմանյանը՝ Իտալիայից կրած պարտությունից հետո՝ նույն 9։1 հաշվով:
Հ.Գ. Եղիշե Մելիքյանի՝ հավաքականը գլխավորելու պահից որոշել էինք շանս տալ նրան աշխատելու՝ հույս ունենալով, որ դրական (գոնե ոչ խայտառակ) արդյունքներ կունենանք, սակայն կյանքը ցույց տվեց, Մելիքյանը չկարողացավ բեկում մտցնել, իսկ երկարաժամկետ ռեֆորմներ անելու համար մասնագետներն այդքան էլ չեն հավատում նրա կարողություններին:
Ըստ հիմնավորման՝ Մելիքյանը էմոցիայի մարզիչ է, մինչդեռ մեր հավաքականը մարզել են ավելի բարձրակարգ, լուրջ ակումբներ ու հավաքականներ մարզած անհատներ (Կապարոս, Պետրակով եւ այլք), որոնք երկարաժամկետ աշխատանքի հնարավորություն այդպես էլ չստացան:
Հ.Գ. 2. ՀՖՖ-ի հովանու ներքո գտնվող տարբեր տարիքային հավաքականներ շարունակում են խայտառակ պարտությունների շարքը ու չեն զիջում գլխավոր թիմին: Այսպես՝ մինչեւ 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի նախընտրական փուլի խմբային փուլում զբաղեցնում է վերջին հորիզոնականը՝ զիջելով Կիպրոսի, Հյ. Մակեդոնիայի ու Ֆինլանդիայի իրենց հասակակիցներին. նրանք պարտվել են մինչ այս պահն անցկացրած բոլոր խաղերը։
Մինչեւ 19 տարեկանների հավաքականը նույնպես Եվրոպայի եզրափակիչ փուլ դուրս գալու համար խմբում պարտվել է անցկացրած բոլոր երեք հանդիպումները եւ նույնպես վերջին հորիզոնականում է՝ զիջելով Գերմանիայի, Նորվեգիայի ու Կոսովոյի իրենց հասակակիցներին:
Ամենաողբերգականը թերեւս 21 տարեկանների վիճակն է, այստեղից պետք է նոր կադրեր մատակարարվեն գլխավոր թիմ. նրանք հիմնական ռեզերվն են։ Եվրոպայի ուղեգրի համար պայքարում E խմբում ընդգրկված U 21-ները նույնպես բոլոր խաղերում պարտություններ են գրանցել. նրանց մասնակցությամբ անցկացվել է 6 խաղ։ Այս թիմը խմբային մրցաշարում բաց է թողել 17 գնդակ, հեղինակել` ընդամենը 3-ը։
Այսպիսով` փաստենք, որ բոլոր տարիքային խմբերում ավարտված ու ավարտվող փուլերում Հայաստանի հավաքականի մասնակիցները վերջին տեղում են։ Այսքանից հետո, եթե Մելիքբեկյան-Նիկողոսյան տանդեմը մնալու է եւ ՀՖՖ-ն ղեկավարի՝ ուրեմն մյուս բոլոր կառույցներին ազդակ է, որ արդյունք գրանցել պետք չէ. պարզապես հարկավոր է լոյալ լինել Նիկոլ Փաշինյանին եւ վերջ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










