«Աներս կապ չունի». Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավարը պնդում է՝ իր աները հարազատ հորաքրոջն է ուղեկցել ընտրատեղամաս, վարչական ռեսուրս էլ չեն կիրառել


«Աներս կապ չունի». Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավարը պնդում է՝ իր աները հարազատ հորաքրոջն է ուղեկցել ընտրատեղամաս, վարչական ռեսուրս էլ չեն կիրառել
Նոյեմբեր 18 19:58 2025

«Իմ աներն ընդամենը իր հորաքրոջն է  ուղեկցել, որը տարեց կին է։ Հենց ինքն է խնդրել, որ ուղեկցի: Ընտրատեղամասում էլ աներոջս հորաքրոջը ուրիշն է օգնել, աներս կապ չունի»,- Aysor.am-ի հետ զրույցում Խոյ խոշորացված համայնքի ղեկավար, Վաղարշապատի ընտրություններին ՔՊ-ի ցուցակի երկրորդ համար Լյուդվիգ Յայլոյանն այսպես հակադարձեց տեղեկություններին, որ իր աները՝ Ռոմիկ Թադևոսյանը, ընտրողներին ուղղորդել է՝ ուղեկցելով ընտրատեղամասեր:

Յայլոյանը համաձայն չէ նաև Վաղարշապատի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ներկայացրած փաստական տվյալների հետ այն մասին, որ  ՔՊ-ն ընտրողներին ակտիվ ուղղորդել է տեղամասեր, քվեարկությանը նախորդող և  հենց քվեարկության օրը կիրառել է վարչական ռեսուրս և միայն դրա շնորհիվ՝ հաղթանակ տարել։

«Եթե ուղղորդում եղել է , միայն հակառակ կողմից կարող է  եղած լինել: Վարչական ռեսուրս չի եղել, մեզ էլ մեր ընտրողները ընտրել են մեր կատարած աշխատանքի համար»,- ասաց նա։ 

ՔՊ-ական Յայլոյանը նշեց նաև, թե տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, որ Վաղարշապատի ընտրություններից հետո Վեհափառ Հայրապետի հետևից են գնալու՝ իրենց հակաեկեղեցական արշավն ավարտին հասցնելու համար.

«Ես նմանատիպ հայտարարություն չեմ տեսել: ՏԻՄ ընտրություններ էին, մենք այս ընտրություններով ստանձնելու ենք մեր լիազորությունները և իրականացնելու մեր համայնքի հնգամյա ծրագիրը: Այլ ենթատեքստ չեմ տեսնում այստեղ»:

Քննդատություններին ի պատասխան էլ, որ  իշխանությունը ընտրություններից առաջ Խոյ համայնքը միացրեց Վաղարշապատին՝ համայնքի ձայների հաշվին իրենց հաղթանակն ապահովելու համար՝ Յայլոյանը պնդեց՝  Խոյի և Վաղարշապատի ձայները հավասարաչափ են եղել, «չկան կոնկրետ համայնքից եկած գերակշիռ ձայներ»: