Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը կատարվում է. աշխատանքներ են տարվում ինքնակամ տեղադրված հուշաքարերի ապամոնտաժման ուղղությամբ


Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը կատարվում է. աշխատանքներ են տարվում ինքնակամ տեղադրված հուշաքարերի ապամոնտաժման ուղղությամբ
Նոյեմբեր 17 14:48 2025

2022 թվականի հուլիսի 7-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Հայաստանում տարերային կամ խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում»։ Վարչապետը հանձնարարական էր տվել ուսումնասիրել գործընթացն ու գնահատական տալ։

 

2024 թվականին Aysor.am-ն այս հարցով դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հետաքրքրվելով,թե ինչ փուլում է վարչապետի հանձնարարականը։

 

ՏԿԵՆ-ից պարզաբանել էին. «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվում է առանց նշված պահանջների պահպանման տեղադրված խաչերի, խաչքարերի ու հուշակոթողների գույքագրում, որի արդյունքներով կներկայացվեն համապատասխան առաջարկություններ»։

 

Այս օրերին այս թեման կրկին ակտուալ է դարձել։ Տեր Նարեկ քահանա Սարգսյանը, օրինակ, հայտնել էր՝ լուր է տարածվել, թե մեր գյուղերում և գյուղերին հարակից լեռների վրա տեղադրված խաչերը պետք է ապամոնտաժվեն։

 

«Վստահաբար օրվա ապազգայիններն այս քայլով ցանկանում են ստուգել մեր քրիստոնյա հայ ժողովրդի՝ սրբությունների նկատմամբ զգայունությունը, ասել է թե՝ ժողովրդի արձագանքը։ Եվ, կարծում եմ, որ եթե սա ձախողենք, հաջորդիվ ոչ միայն կապամոնտաժեն մեր Սուրբ Եկեղեցիների վրա դրված խաչերը, այլև դրանք կվերածեն ոչ քրիստոնեական տաճարների»,- նշել էր Տեր Նարեկը։

 

Aysor.am-ը գրավոր հարցում է ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով պարզաբանել՝ երեք տարի է անցել Նիկոլ Փաշինյանի հանձարարականից՝ կատարվե՞լ է ուսումնասիրություն ու ո՞րն է գնահատականը, կա՞ թիվ, թե այս ընթացքում որքան խաչեր են ապամոնտաժվել, ապամոնտաժման գործընթացը շարունակվո՞ւմ է։

 

ՏԿԵՆ-ից հայտնել են, որ կատարում են Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը։

 

«Իրավասու մարմինների կողմից աշխատանքներ են տարվում ինքնակամ տեղադրված հուշաքարերի ապամոնտաժման ուղղությամբ։ Աշխատանքները կրում են շարունակական բույթ»,- Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են նախարարությունից։