Նիկոլ Փաշինյանը էջմիածինցիներին տեղեկացրեց՝ եկեղեցու դեմ հարձակումներն այսուհետ պատվիրված են հենց վաղարշապատցիների կողմից. Արսեն Բաբայան


Նիկոլ Փաշինյանը էջմիածինցիներին տեղեկացրեց՝ եկեղեցու դեմ հարձակումներն այսուհետ պատվիրված են հենց վաղարշապատցիների կողմից. Արսեն Բաբայան
Նոյեմբեր 17 11:10 2025

Այսպիսով` Նիկոլ Փաշինյանը էջմիածինցիներին տեղեկացրեց, որ եկեղեցու դեմ հարձակումներն այսուհետ պատվիրված են հենց վաղարշապատցիների կողմից, այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը։

«Նա, մասնավորապես, հայտարարել է՝ «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։

Ասել կուզի՝ այսուհետ ինչ հանցավոր ոտնձգություններ էլ կատարեմ Վեհափառի ու Եկեղեցու հանդեպ, անելու եմ դա՝ «մեղքը» հենց էջմիածինցիների վրա բարդելով։

Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս նա արդեն այդպիսի մի քայլ արել է․ հայտարարել էր, որ Արցախը, եթե հետաքրքրում է հայ ժողովրդին, ապա պետք է հեղափոխություն անեն։ Եվ քանի որ հեղափոխություն չարեցին (մինչդեռ ուժով զսպեց), ուրեմն ժողովուրդը համաձայն է այն մտքին, որ Արցախը մեզ հետաքրքիր չէ։

Ինչ վերաբերում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքին, ապա պետք է հիշեցնեմ դրա վերաբերյալ Ամերիկյան համալասարանում հենց իր հայտարարությունը՝ «(...)Էջմիածինը, իմիջայլոց, Մայր Աթոռի կառուցման վայրն է, որը համաձայն ավանդության՝ Տիրոջ իջնելու վայրն է: Բայց դա էլ է հարց՝ ինչու՞ է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղ իջել: Նա էլ գիտի՝ որտեղ է պետք իջնել և տվյալ դեպքում Տերն իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը»»,- նշել է Բաբայանը։