Հազար ամոթ Ստեփան Ասատրյանին, հազար ամոթ գրանտակեր կեղծ իրավապաշտպանին, հազար ամոթ այս ապօրինության մեջ մինչև ուղնուծուծը խրված պաշտոնյաներին. Տեր Վրթանես


Հազար ամոթ Ստեփան Ասատրյանին, հազար ամոթ գրանտակեր կեղծ իրավապաշտպանին, հազար ամոթ այս ապօրինության մեջ մինչև ուղնուծուծը խրված պաշտոնյաներին. Տեր Վրթանես
Նոյեմբեր 15 23:55 2025

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բաղալյանի համոզմամբ՝ սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսության եթերում Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ, ներկայումս կարգալույծ արված  Ստեփան Ասատրյանի հայտարարությունը Քննչական կոմիտեում է գրվել:

Հիշեցնենք՝ Ասատրյանը հայտարարել էր, իբրև 2021 թվականին Հայ Առաքելական եկեղեցու ներսում «եղել է պարտադրանք»` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու:

«Նիկոլ Փաշինյանը հաձնարարական է տվել Քննչականին, Քննչականը Ասատրյանի հետ կազմել է այդ պատրաստի դժգոհությունը, որի հիման վրա էլ սկսել են ձերբակալությունները: Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի  վրա են  փորձում գործ սարքել՝ ներգրավելով այլ հոգևորականների ևս»,-Aysor.am-ին ասաց Տեր Վրթանեսը:

Տեր Վրթանեսի խոսքով՝ գործ սարքելու գործընթացը շարունակվում է, իշխանությունները թիմով են լծված դրան և այլ հոգևորականներ են փնտրում.

«Ստեփան Աստարյանի թիմը աշխատում է մեր թեմից ոմանց վրա գործ սարքի... հազար ամոթ Ստեփանին, որ սուտ վկայություն արեց, հազար ամոթ էն գրանտակեր կեղծ իրավապաշտպանին (Դանիել Իոաննիսյանին-խմբ.) ու այն պաշտոնյաներին, որոնք մինչև ուղնուծուծը խրված են այս ապօրինի գործունեության  մեջ: Եթե Նիկոլն այս տեմպով շարունակի, մենք Հայաստանում 9 եպիսկոպոս  թեմակալ առաջնորդ ունենք, որից 3-ին բռնել է, երկու տարվա ընթացքում Հայաստանի  բոլոր թեմակալ առաջնորդներին բանտում կպահի»:

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանի հայտարարությունից հետո Դանիել Իոաննիսյանի կողմից համակարգվող «Իրազեկ քաղաքացիների միավորումն» էր սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել  դատախազություն,  այդ հաղորդման հիման վրա էլ նախաձեռնել էին քրեական վարույթ, ինչի շրջանակներում 2 ամսով կալանավորել էին նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին։