Անկոտրում և ուժեղ եղեք․ Սուրբ և Անմահ Պատարագ՝ հոգևոր հայրերի ազատության համար


Անկոտրում և ուժեղ եղեք․ Սուրբ և Անմահ Պատարագ՝ հոգևոր հայրերի ազատության համար
Նոյեմբեր 15 23:34 2025
Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, թեմական երիտասարդաց միության անդամները ուխտագնացություն կատարեցին դեպի Տավուշի թեմի Հաղարծին վանական համալիր, առաջնորդությամբ երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու՝ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանի՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։ Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից։

 

Հաղարծին վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցում օրհնությամբ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի Տեր Հոր ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

 

Տեր Հայրը երիտասարդներին ուղղված իր քարոզում հորդորեց լինել անկոտրում և ուժեղ ու հավելեց․«Երբ մարդիկ տխրում են սատանան ուրախանում է, երբ մարդիկ ուրախանում են սատանան լաց է լինում»:
Աղոթքով զորացած, նոր մտքերով ու գաղափարներով լցված երիտասարդները վերադարձան համայնքներ, հույսով ու հավատքով առաջիկայում իրականացվող ծրագրերին մասնակիցը տեսնելու նաև սիրելի ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԻՆ։

 

Հաղարծին վանական համալիրում ուխտագնացության մասնակիցներին ընդունեցին և իրենց օրհնությունը փոխանցեցին Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը և Հաղարծին վանական համալիրի վանահայր՝ Արժանապատիվ Տեր Արտակ քահանա Միրզոյանը, պատգամելով երիտասարդներին ամուր և հաստատուն մնալ Սուրբ Եկեղեցու կողքին։