Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումն, այդ թվում՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի իրականացումը տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շրջանակներում կապահովեն փոխադարձ առավելություններ, և ինչն առավել կարևորն է՝ տարածաշրջանի երկրների համար խաղաղության, այլ ոչ թե հակամարտության շահավետություն ու հետևաբար՝ կայունություն, Վրաստանում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այս ապաշրջափակումն անխոչընդոտ հաղորդակցություն կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների և հարևան տարածաշրջանների միջև, այդ թվում՝ օրինակ Վրաստանին կապահովի Պարսից ծոցի հետ երկաթուղային կապով:
«Հայաստան-Թուրքիա սահմանին Գյումրի-Կարս երկաթուղու բացումը, բնականաբար, ևս կարող է էական նշանակություն ունենալ այս առումով՝ վրացական երկաթուղիների հետ դառնալով Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների շղթայի կարևոր մաս: Սա է Հայաստանի տեսլականը և գործնական քայլերի հիմքը»,- նշել է նա։










