Իրավապահները, դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներն են կատարում. Աբրահամյան


Իրավապահները, դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներն են կատարում. Աբրահամյան
Նոյեմբեր 13 22:23 2025

«Ամբողջ երկրով մեկ հանցագործները վխտում են, բայց ձերբակալում են ոչ թե իրական հանցագործներին, այլ նրանց, ովքեր ունեն կարծիք, դիրքորոշում ու չեն վախենում իշխանության  ճնշումներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝   իր  աջակցությունը հայտնելով  «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ում ցանկանում են կալանավորել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։ 

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներն ավելի վաղ արձագանքել էին  Սիմոնյանի «շան լակոտներ» վիրավորական արտահայտությանը, ինչի համար էլ նրանց ձերբակալեցին, հիմա էլ ուզում են տանել կալանքի։

«Մասկի-շոուներ են անում, ասես վտանգավոր հանցագործների են վնասազերծում։ Իրականում իշխանությունն այսօր թիրախավորում է բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կարծիքից, դիրքորոշումից տարբերվող մոտեցում են ներկայացնում»,- ընդգծեց Աբրահամյանը։

Իրավապահները, դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներն են կատարում, նշեց ընդդիմադիր պատգամավորը.

«Տարբեր գործեր շինող, դակող քննիչներ, դատախազներ, դատավորներ... բոլորի գլխին Նիկոլ Փաշինյանն է»։