Փաշինյան․ «Հայաստանը վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանն է ապրում»


Փաշինյան․ «Հայաստանը վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանն է ապրում»
Նոյեմբեր 13 20:02 2025

Հայաստանը այսօր առավել ուժեղ և ինքնավստահ պետություն է, քան երբևէ․ այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում իր ամփոփիչ ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Մենք պետք է կարողանանք պաշտպանել այսօրվա Հայաստանը, որովհետև այսօրվա Հայաստանը շատ ավելի ուժեղ, շատ ավելի ինքնավստահ պետություն է, ավելի պետություն է, քան երբևէ»,– ընդգծել է Փաշինյանը։

 

Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանի ճակատագրի ղեկը գտնվում է բացառապես երկրի և ժողովրդի ձեռքում։
«Ես համոզված եմ, որ այս իրադրությունը ոչ թե պահպանվելու է, այլ զարգանալու է, որովհետև դա պատմական շրջադարձ է։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պատմական շրջադարձ է։ Հայաստանը իր պատմության ընթացքում՝ պետություն լինելու, բարեկեցիկ լինելու, երջանիկ լինելու, անկախ լինելու, անվտանգ լինելու առումով, երբեք այսպիսի շանս չի ունեցել։ Խոսքը վերջին հինգ տարվա մասին չէ, խոսքը վերջին 500 տարվա մասին է»,– նշել է նա։

 

Փաշինյանի խոսքով՝ այս անկախության ու պետականության մակարդակը ձեռք է բերվել ծանր փորձությունների միջով․
«Այո, պետք է խոստովանել, որ մենք այդ խնդիրը լուծել ենք շատ դառը, դաժան փորձությունների միջով անցնելով։ Մենք այս անկախությունը ձեռք ենք բերել մեր նահատակների կյանքի գնով։ Եվ այսօրվա Հայաստանը, որը ապրում է, ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը։ Շատ կարևոր է սա տեսնել։ Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի ժողովուրդը պետք է ամուր կառչեն մեր նորընծա տեսողությունից և մեր նորընծա իմացությունից»,– ասել է վարչապետը